Ղարաբաղյան զինված հակամարտությունը շղթայական ռեակցիա առաջ կբերի ողջ աշխարհում։ Այս մասին հայտարարել է հեռուստալրագրող, հրապարակախոս, Առաջին ալիքի «Օդնակո» ծրագրի հաղորդավար Միխայիլ Լեոնտեւն ադրբեջանական Vesti.Az գործակալությանը տված հարցազրույցում։

Նրա խոսքով, ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւ Հայաստանում հասկանում են, որ հարցը, իր ներկայիս վիճակով, անհնար է լուծել։ «Դրա պատճառով էլ հարցն ամբողջ ժամանակ ձգվում է»։

Ինչ վերաբերում է հակամարտության ռազմական ճանապարհով լուծման «հեռանկարին», Լեոնտեւն այն կտրականապես բացառել է։ «Ի՞նչ է նշանակում ռազմական լուծում, ինչի՞ մասին եք խոսում, դա, ախր, աղետ է երկու ժողովուրդների համար։ Հասկացեք, կա խնդրի մակերեսային արձանագրում եւ ես այն կարող եմ ձեւակերպել, ինչպես ինքս եմ հասկանում։ Բանն այն է, որ հարցը չի լուծվում սկզբունքորեն։ Այն կարող է լուծվել ռազմական, այսինքն՝ աղետալի ճանապարհով, բայց դա գլոբալ աղետի կհանգեցնի։ Ղարաբաղյան զինված հակամարտությունը հակամարտությունների շղթա առաջ կբերի ողջ աշխարհում»։

Նա նաեւ նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները ոչ մի դեր չունեն։ «Ամեն մեկն իր անիմաստ դերն ունի։ Այն արդարացված է միջնորդներից յուրաքանչյուրի խաղի տեսանկյունից եւ անիմաստ է հարցի լուծման տեսակետից»,- նշել է նա։

«Իսկ այժմ ես կպատմեմ, թե ինչպես կարելի է լուծել այդ հարցը»,- շարունակել է Միխայիլ Լեոնտեւը։

«Ուղղակի մեկ, երկու, երեք։ Եղել է մի երկիր, ուր այս հարցը չի ծագել, ճի՞շտ է։ Եվ սա միակ հարցը չէ, որ ներկայումս կա, սակայն առաջ չէր ծագել։ Մենք մի երկիր ունեինք։ Ահա եւ մնում է երկուսից մեկը. կամ մենք հետ ենք վերադառնում եւ նորմալ երկիր ենք վերականգնում, որում այս հարցերը լուծելի են, կամ սպանում ենք իրար։ Այլ կառուցողական առաջարկություններ չկան։ Կոպիտ ասած՝ ով ում մորթում է, նա էլ հաղթում է։ Հասկացեք, բացի վերոնշյալներից, խնդրի լուծման այլ տարբերակներ չկան։ Մնացած ամեն բան դեմագոգիա է եւ դատարկ խոսակցություններ»,- հայտարարել է Լեոնտեւը։