Հայաստանում 2010 թ. վերջում կար մոտ 80 հազ. գործազուրկ՝ տնտեսապես ակտիվ բնակչության 6,9 տոկոսը։ Այդ մասին այսօր՝ փետրվարի 1-ին մամուլի ասուլիսում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Սոնա Հարությունյանը։

Նշենք, որ 2009 թ. վերջի դրությամբ Հայաստանում գրանցված էր մոտ 85 հազ. գործազուրկ՝ կամ տնտեսապես ակտիվ բնակչության 7,6 տոկոսը։

Սակայն նշենք, որ Հայաստանը դեռ չի վերականգնել նախաճգնաժամային 2008 թ. զբաղվածության մակարդակը, երբ պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը մոտ 75 հազար էր։

Գործազուրկների թվի նվազումը 2010 թ. Ս. Հարությունյանը բացատրեց նրանով, որ տնտեսական իրավիճակը բարելավվել է, չկան զանգվածային կրճատման այն երեւույթները, որ առկա էին 2009 թ.։ Սակայն գործակալության պետը նաեւ խոստովանեց, որ իրական գործազրկությունը դեռեւս բարձր մակարդակ ունի։

Վերջին հետազոտությունն այս առումով կատարվել է 2009 թ. եւ հարցումները ցույց են տվել, որ իրական գործազրկության մակարդակը 27,5 տոկոս է։ Դրանք այն մարդիկ են, որ հարցմանը նախորդող չորս շաբաթների ընթացքում աշխատանք չեն ունեցել, փնտրում են աշխատանք եւ պատրաստ են առաջիկա 2 շաբաթների ընթացքում տեղավորվել աշխատանքի։