Ադրբեջանն արտերկրում բնակվող իր քաղաքացիներին հորդորել է բոյկոտել պահածոներ արտադրող «Արցախ Ֆրութ» ընկերության արտադրանքը միայն այն պատճառով, որ պահածոների պիտակի վրա մակնշված է՝ «Արտադրված է Ստեփանակերտում»։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ընկերության տնօրեն Գագիկ Մինասյանը։
Նրա խոսքով, պահածոները Ռուսաստան եւ եվրոպական մի շարք երկրներ արտահանվում են արդեն երկու տարի։ Ադրբեջանական կողմի դժգոհությունն այդ ընթացքում միշտ էլ եղել է, սակայն ավելի զգալի է դարձել վերջին շրջանում։ «Այս մասին տեղեկանում ենք հիմնականում լրատվամիջոցների օգնությամբ։ Ադրբեջանցիներն իրենց բողոքը հիմնավորում են փաստով, որ Ղարաբաղն, իբրեւ թե, գտնվում է Ադրբեջանի կազմում։ Բայց ինչ որ պետք է, արել ենք»,- ասաց Մինասյանը՝ չպարզաբանելով, սակայն, թե հատկապես ինչ են արել։
Նշենք, որ ադրբեջանական կողմը բողոքի նոտաներ է հղել մի շարք երկրների արտաքին գերատեսչություններին՝ պահանջելով արգելել ղարաբաղյան արտադրանքի վաճառքը։





























