Առաջիկա օրվա ընթացքում հանրապետության ողջ տարածքում տեղումները կպահպանվեն, սակայն կթուլանան։ Վաղը տեղումներ կպահպանվեն միայն արեւելյան շրջաններում՝ Սյունիքում եւ Վայոց Ձորի մարզում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց «Հայպետհիդրոմետ» հիդրոօդերեւութաբանության կենտրոնի ղեկավար Զարուհի Պետրոսյանը:
Նրա խոսքով, փետրվարի 3-ից հանրապետությունում կհաստատվի առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը լեռնային շրջաններում կգրանցվի -14 – 19 աստիճան, վաղը ցերեկը՝ -2 -7 աստիճան ցուրտ։ Հովտային շրջաններում կգրանցվի -5 -9 աստիճան, ցերեկը՝ 0 -3 աստիճան ցուրտ։
Երեւանում գիշերն օդի ջերմաստիճանը կլինի -4 -6, ցերեկը 0 -2 աստիճան ցուրտ։
Զարուհի Պետրոսյանը տեղեկացրեց նաեւ, որ առաջիկա գիշերը լեռնային եւ նախալեռնային շրջանների լեռնացքերում կդիտվի թույլ բուք, իսկ ճանապարհներին՝ մերկասառույց։ Նա խորհուրդ տվեց հնարավորինս քիչ օգտվել տրանսպորտային միջոցներից՝ հնարավոր հետեւանքներից խուսափելու համար։




























