Լսելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների հայտարարություններն ու մեկնաբանությունները, ակամա հիշում ես ռուս քաղաքական գործիչ Վիկտոր Չերնոմիրդինի խոսքերը՝ «Ուզում էինք, որ լավ լինի, բայց եղավ ինչպես միշտ»: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսպես մեկնաբանեց ԲՀԿ-ի հերթական հայտարարությունը ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, որ օրերս Ծառուկյանը հայտարարել էր, որ ցանկության դեպքում Ռոբերտ Քոչարյանը վաղուց կարող էր գլխավորել ՀՀԿ-ն, ինչն իսկական աժիոտաժ էր առաջացրել Հանրապետական կուսակցության շարքերում:

Այս հայտարարության արձագանքներն իրենց երկար սպասեցնել չտվեցին: ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը եւ ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ծառուկյանին պատշաճության կոչ էին արել եւ խորհուրդ տվել ավելի պարզ արտահայտել իր մտքերը։ Ի պատասխան ԲՀԿ առաջնորդի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը հայտարարել էր, որ ԲՀԿ առաջնորդին ներկայացվում են միայն ծանրակշիռ եւ հեղինակավոր գործիչների մեկնաբանությունները, ակնարկելով, որ Շարմազանովն ու Ռ. Զոհրաբյանը ծանրակշիռ եւ հեղինակավոր գործիչներ չեն: