ԱՄՆ-ի, Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի առաջնորդները ճնշման, բռնության եւ անվստահության մարմնացում  են: Այս մասին Ազգային թղթակցի օրվա կապակցությամբ հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը,հաղորդում է Mehr-ը:

«Նրանք ովքեր խախտում են միջազգային համաձայնագրերը, ոտնահարում են պաղեստինցի ժողովրդի իրավունքները եւ այլ երկրի վարչապետին պատանդ են վերցնում, ճնշման, բռնության եւ անվստահության մարմնացում  են», - ասել է նա՝ հավելելով, որ վերջին 40 տարվա ընթացքում երկրների մեծամասնությունը Իրանի դեմ էր, բայց այսօր ամեն ինչ փոխվել է եւ «միայն 2 կամ 3 ռեժիմներ են մեր դեմ»:

Նրա խոսքով, Իրանում ստեղծված ներկայիս իրավիճակը ԱՄՆ-ի եւ սիոնիստական ռեժիմի սկսած  հոգեբանական պատերազմի հետեւանքն է:

Խոսելով ամերիկացիների հետ բանակցությունների հնարավորության մասին՝ Զարիֆը մեջբերել է Իրանի հոգեւոր առաջնորդին, ով խորհուրդ  է տվել սպասել ԱՄՆ-ի հետ միջուկային հարցի շուրջ բանակցությունների հետեւանքներին: «Եթե ձեզ բավարարեն արդյունքները, դա ճանապարհ կբացի այլ հարցերի շուրջ բանակցությունների համար»: