ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի հետ նոր միջուկային համաձայնագրի կնքմանը:

«Ես ինչպես եւ նախկինում պատրաստ եմ ավելի համապարփակ համաձայնագրի համար, որը վերաբերում է ռեժիմի բոլոր չարամիտ գործողություններին, ներառյալ նրա բալիստիկ հրթիռների ծրագիրը եւ ահաբեկչության աջակցությունը», - Իրանի դեմ պատժամիջոցների վերսկսման մասին իր հայտարարության մեջ ասել է Թրամփը:

Թրամփը իրանական միջուկային համաձայնագիրը «սարսափելի, միակողմանի գործարք» է անվանել, որը չի կարողացել հասնել «հիմնական նպատակին` արգելափակել իրանական միջուկային ռումբի բոլոր ճանապարհները եւ թույլատրել է բռնապետությանը մեծ գումարներ ստանալ»:

Նշենք, որ Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների առաջին փուլն ուժի մեջ է մտնում օգոստոսի 6-ին: Պաստժամիջոցներն ուղղված են Իրանի տնտեսության առանցքային ճյուղերին, այդ թվում մեքենաներին եւ գորգերին:

Երկրորդ փուլը, որը ուժի մեջ է մտնելու նոյեմբերի 5-ին եւ կարգելափակի իրանական նավթի վաճառքը, պետք է  մեծ վնաս հասցնի, չնայած մի քանի երկրներ, այդ թվում` Չինաստանը, Հնդկաստանը եւ Թուրքիան հայտարարել են, որ մտադիր չեն լիովին հրաժարվել իրանական էներգակիրներից: