«Մենք բոլորս մահկանացու ենք, միակը, որ  մնում է մեզնից հետո՝ բարի անունն է եւ ժողովրդի սերը: Պարոն Մուբարաք, լսեք ձեր ժողովրդի ձայնը»,- Եգիպտոսի նախագահին դիմել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր՝ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խմբակցության նիստին:

«Թուրք ժողովուրդը չի ցանկանում տեսնել եղբայրական եգիպտացի ժողովրդի տառապանքները, եւ կոչ է անում բոլոր կողմերին դադարեցնել բռնությունն ու վերականգնել կայունությունը երկրում»,- հայտարարել է նա, հաղորդում է SalamNews-ը:

Այսօր ցուցարարները Եգիպտոսում հավաքվում են Կահիրեի Թահրիր հրապարակում, պատրաստվում են «միլիոնների երթին»: Նախնական տվյալներով, հրապարակում արդեն 10 հազարից ավելի մարդ կա:

Եգիպտական կառավարական աղբյուրները հայտնել են Լոնդոնում հրատարակվող «Աշ-Շարկ-ալ-Աուսաթ» թերթին, որ Մուբարաքը չի պատրաստվում պաշտոնաթող լինել՝ չնայած սպասվելիք ցույցերին: