Վերջին տարվա ընթացքում Facebook-ը դիմել է բազմաթիվ բանկերի, այդ թվում՝ JPMorgan Chase-ին, Wells Fargo-ին, Citigroup-ին եւ U.S. Bancorp-ին, առաջարկելով սոցցանցի հետ կիսվել օգտատերերի ֆինանսական տեղեկություններով, այդ թվում՝ բանկային քարտերով փոխանցումների եւ հաշվեկշռի մասին տեղեկատվությամբ: Այս մասին գրում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը:

Սոցցանցը ցանկանում է օգտատերերին նոր ծառայություններ առաջարկել եւ դառնալ նաեւ հարթակ, որտեղ հնարավոր կլինի նաեւ ապրանքներ եւ ծառայություններ գնել ու վաճառել: Իսկ բանկերի համար արդյունքում նոր պոտենցիալ հաճախորդներ հասանելի կլինեն:

Աղբյուրիների տվյալներով՝ խոսքը, մասնավորապես, սոցցանցում, ասենք, հաշվեկշռի մասին տեղեկատվությունը ցույց տալու հնարավորությունը կլինի:

Բանկերի հետ Facebook-ի բանակցությունների առանցքային հարցը, հաշվի առնելով Cambridge Analytica-ի հետ սկանդալը, հաճախորդների տվյալների գաղտնիությունն է:

Facebook-ում հայտարարել են, որ չեն պատրաստվում օգտատերերի ֆինանսական տվյալները փոխանցել երրորդ անձանց կամ դրանք օգտագործել թիրախավորված գովազդի նպատակով: