Կառավարությունում այսօր՝ փետրվարի 1-ին քննարկվել է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների օրինագիծը, որով նախատեսվում է վերացնել վարձու աշխատողի հղիության եւ ծննդաբերության նպաստը հաշվարկելու համար հիմք վերցվող միջին ամսական աշխատավարձի առավելագույն շեմը: Բացի այդ, այդ փոփոխություններով կվերանայվի միջին աշխատավարձը հաշվարկելու կարգը:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախատեսվում է նաեւ նպաստը վճարել ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի տոնական ոչ աշխատանքային օրերի համար` պահպանելով դրա չվճարումն ընդհանուր հանգստյան` շաբաթ եւ կիրակի օրերի համար, որով վերացվում է նախկինում կատարված բացթողումը:
Քննարկման ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանին` կազմակերպել հանրային քննարկում հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ` նպատակ ունենալով ստանալ հասարակության լայն շերտերի կարծիքներն ու առաջարկությունները:
Նախագիծը եւ հանրային քննարկման հրավերը կտեղադրվեն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կայքում (www.mss.am):





























