Վիրտուալ աստղադիտարանների միջազգային ալիանսը, որը ստեղծվել է 2002-ին, Հայաստանը միացել է 2005-ին: Ալյանսում միացած են 16 վիրտուալ աստղադիտարանային ծրագրեր՝ ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից,Կանադայից, Չինաստանից, Ավստրալիայից, Հնդկաստանից, Իտալիայից, Ռուսաստանից եւ այլն։

Հայկական վիրտուալ աստղադիտարանի ծրագրի ղեկավար, Վիտուալ աստղադիտարանների միջազգային ալիանսի գործադիր կոմիտեի անդամ Արեգ Միքայելյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Վիրտուալ աստղադիտարանի առավելությունն այն է, որ այն հնարավորություն է ընձեռում աստղագետներին՝ աստղագիտական հետազոտություններ իրականացնել անկախ իրենց գտնվելու վայրից։

«Արդեն կարեւոր չէ, թե որտեղ է գտնվում տվյալ աստղագետը՝ նա ինտերնետի միջոցով կարող է դիտել եւ ուսումնասիրել աստղերը միեւնույն վայրից, սակայն տարբեր դիտակետերով՝ տարբեր երկրներում գտնվող դիտակների միջոցով»,-ասաց Ա. Միքայելյանը՝ հավելելով, որ այդ ամենից բացի աստղագետը հնարավորություն է ունենում համադրել տարբեր ժամանակահատվածներում տեղի ունեցող տվյալների փոփոխություները։

Ա. Միքայելյանի խոսքով՝ Աստղագիտական միջազգային ալիանսի մշակած ստանդարտների, հատուկ ծրագրերի եւ տեխնոլոգիաների շնորհիվ էլ ավելի է բարձրացել համաշխարհային աստղագիտական հանրության օգտակարության աստիճանը։

«Վիրտուալ աստղադիտարանը մեզ հնարավորություն է ընձեռում օգտագործել մի խումբ երկրների դիտակները, ինչպես նաեւ աստղադիտարանների հսկայական տվյալների շտեմարաններն ու ընթացիկ աստղագիտական նյութերը։ Այդ ամենի շնորհիվ հնարավոր է դառնում նոր ուսումնասիրությունների իրականացնել առավել քիչ ծախսատարությամբ»,-ասաց Ա. Միքայելյանը։

Նրա խոսքով՝ դիտակները բավականին թանկ արժեն, օրինակ 2,5 մետր տրամագիծ ունեցող դիտակն արժե 25 մլն. դոլար, սա վերաբերում է ցամաքային դիտակներին։ Իսկ ինչ վերաբերում է տիեզերական դիտակներին, ապա դրանց գինը հասնում է անգամ միլիարդ դոլարների:

Ա. Միքայելյանի խոսքով՝  Վիրտուալ աստղադիտարանը բաց է, եւ հատկապես կարեւոր է երիտասարդ աստղագետերի համար՝ աստղագիտության ապագա զարգացման համար։