Իրանի ուժային կառույցները վնասազերծել են երկու ահաբեկչական բջիջներ, որոնք երկրում հարձակումների շարք էին ծրագրել: Այս մասին հայտնում է Fars գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի տեղեկատվության նախարարության հայտարարությունը, որը ղեկավարում է իրանական հատուկ ծառայությունների ղեկավար այաթոլլահ Մահմուդ Ալավին:
Նրա տեղեկություններով՝ ուժայինները խափանել են 2 ահաբեկչություն, որոնք զինյալները մտադիր էին առաջիկայում իրականացնել Իրաքին սահմանակից Խուզեստան եւ Քուրդիստան նահանգներում: Դրանից զատ, հայտնի է, որ ծայրահեղականները նաեւ հարձակումներ էին ծրագրել երկրի այլ շրջաններում, այդ թվում՝ երկրի կենտրոնի քաղաքներում:
Ընդհատակյա բջիջների չեզոքացման գործողության ժամանակ հատուկ նշանակության ջոկատը ձերբակալել է 6 մարդու: Նրանց մոտից խուզարկությամբ առգրավվել են հրազեն, նռնակներ, օգտագործման համար պատրաստ ինքնաշեն ռումբեր, մահապարտի գոտիներ, մեծ քանակությամբ զինվորական հանդերձանք եւ պարագաներ, ինչպես նաեւ գիշերային տեսանելիության սարքեր:
Հետախուզական ծառայությունները սահմանապահների հետ համատեղ կանխել են նաեւ պայթուցիկ նյութերի խոշոր խմբաքանակի տեղափոխման փորձը՝ նախատեսված ամբողջ երկրում ահաբեկչությունների շարքի իրականացման համար: Գործով քննությունը շարունակվում է:





























