Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններում առաջարկել է քննարկման դնել հուշագիր, որում հիշատակվում էին միջուկային զինաթափումը եւ տիեզերքում զենքի կիառման արգելումը: Այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով «ռուսական փաստաթուղթը»:
Պարբերականը նշում է, որ սպառազինությունների վերահսկողության վերաբերյալ ռուսական կողմի կոնկրետ առաջարկների ցանկը ստացվել է աղբյուրից, որը կապ ունի բանակցություններին մասնակցած եւ դրանք նախապատրաստած անձանց հետ:
Հաղորդվում է նաեւ, որ Հելսինկիում կայացած գագաթնաժողովի արդյունքներից, ինչպես նաեւ ուղեկցող բանակցություններից դատելով՝ ռուսաստանցի առաջնորդը հակված է միջուկային զենքի համաձայնությունների պահպանմանը, չնայած Մոսկվայի եւ Վաշինգթոնի միջեւ առկա տարաձայնություններին:




























