Փետրվարի 1-ին Հայաստանում մոլեգնող առատ ձյան հետեւանքով օրվա ընթացքում 6 պատահար է եղել, որոնց արդյունքում 7 մարդ է տուժել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Երեւանում արձանագրվել է 4 պատահար, տուժել են հինգ մարդ: Մարզերում երկու պատահար է եղել, որոնցից մեկը՝ Տավուշի մարզում: Մահացու ելքով պատահարներ չեն գրանցվել:

Նշենք, որ վիճակագրության մեջ հաշվարկված չեն պատահարները, որտեղ զոհեր եւ վիրավորներ չեն եղել: Այդ դեպքերը կրում են իրավա-քաղաքացիական բնույթ եւ լուծվելու են դատական կարգով կամ մեքենաների տերերը փոխհատուցում կստանան ԱՊՊԱ-ից:

Դեկտեմբերին եւ հունվարին Հայաստանում գրեթե ձյուն չի եկել, սակայն, օդերեւութաբանների կանխատեսումներով փետրվարին նորմայից բարձր տեղումներ են սպասվում: