Պերսեիդ աստղաթափը զբոսաշրջիկների է գրավել ՀՎ.Հ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան: NEWS.am- ի թղթակցի հետ զրույցում աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը պատմեց, որ նախօրեին՝  աստղաթափի գագաթնակետին, աստղադիտակով երկնաքարերի հոսքին հետեւել ցանկացող շուրջ 200 զբոսաշրջիկ է այցելել աստղադիտարան: Օգոստոսի 13-ի գիշերը Պերսեիդ աստղաթափի ինտենսիվությունը ժամում 50-60 երկնաքար է կազմել:

Աստղաթափերը սովորաբար երկու շաբաթ են տեւում, եւ դրանց ինտենսիվությունն այդ ժամանակահատվածում աստիճանաբար նվազում է: Տարվա ընթացքում «խոշոր» երկնաքարային հոսքերի թիվը հասնում է 30-ի, եւ հաջորդ ինտենսիվ աստղաթափին կարելի է հետեւել նոյեմբերի 17-18-ը, երբ Երկրի վրայով կանցնի Լեոնիդայի երկնաքարային հոսքը (Առյուծի համաստեղություն):

Միքայելյանի խոսքով՝ գրեթե ամեն երեկո Բյուրականի աստղադիտարան տարբեր երկնային օբյեկտների հետեւել ցանկացող զբոսաշրջիկներ են այցելում: Եթե 2017 թ.-ին աստղադիտարանի այցելուների ընդհանուր թիվը հասնում էր 5-6 հազարի, ապա այս տարի նույն ցուցանիշը գրանցվել է  մոտ 7 ամսում:

Զբոսաշրջիկներին գրավում են ոչ միայն երկնաքարայն հոսքերը, այլեւ նաեւ արեւի եւ լուսնի խավարումները: Այդպես, հուլիսի 27-ի լույս 29-ի գիշերը «արյունոտ լուսնին» հետեւելու համար Բյուրականի աստղադիտարան մոտ 400 մարդ էր եկել:

Արեգ Միքայելյանը նշեց, որ Բյուրականի աստղադիտարանը հայտնի է ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ դրա սահմաններից դուրս: Միայն այս տարի աստղադիտարանի մասին երեք լիամետրաժ վավերագրական ֆիլմ է նկարահանվել: