Վաշինգտոնի կողմից «Իրանի հարցով գործողությունների խմբի» ստեղծումը հակասում է միջազգային կանոններին: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Քասեմին, փոխանցում է IRNA-ն:

Քասեմին ամերիկյան վարչակազմի այս քայլը թշնամական գործողություն է անվանել: Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ ԱՄՆ-ն Իրանի դեմ հոգեբանական եւ տնտեսական պատերազմ է տանում եւ «դա որեւէ օգուտ չի բերի»:

Նա նշել է, որ 1953 թվականին հեղաշրջման տարեդարձի նախօրեին «Իրանի հարցով գործողությունների խմբի» ստեղծումը հիշեցնում է վերջին տասնամյակների ընթացքում ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ թշնամական հարաբերությունների պատմության մասին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն անցյալ շաբաթ հայտարարել էր Պետդեպարտամենտի կողմից «Իրանի հարցով գործողությունների խմբի» ստեղծման մասին, որը կզբաղվի Թեհրանի նկատմամբ քաղաքականության համակարգմամբ: