Միջազգային «Մանկավարժ» հիմնադրամի տնօրեն, Հայ առաքելական եկեղեցու նախկին սպասավոր տեր Սահակը երեկ «ՀԺ»-ի հետ զրույցում ասել է, որ Հայ առաքելական եկեղեցին այսօր ամբողջությամբ պատկանում ՆՍՕՏՏ Գարեգին Բ կաթողիկոսին եւ նրա երբորը` Մոսկվայի թեմի առաջնորդ տեր Եզրասին: «Իրենք ինչ ուզում են, անում են, ոչ ոք չի կարող ձայն հանել: Բարձրաստիճան հոգեւորականության ցանկը ամբողջությամբ փոխված է, նրանք լուրջ եկեղեցականներից ազատվում են: Այսօր արքեպիսկոպոս ես դու, քահանա, դպիր, միեւնույն է` դպիրի կարգավիճակում ես: Երկու հոգին ամբողջությամբ եկեղեցին կառավարում են, եկեղեցում գործում են քրեական օրենքները, ոչ մի բանով եկեղեցին չի տարբերվում այդ աշխարհից»,- ասել է տեր Սահակը:

Նա նշել է, որ եկեղեցին իր առաքելությամբ զբաղվելու փոխարեն զբաղված է բիզնեսով, փողերի լվացմամբ ու չարչիությամբ: «Էջմիածնում բարձրաստիճան հոգեւորականներ կան, որ երթուղային տաքսիներ են դրել գծերի մեջ, աշխատեցնում են: Անուններ չեմ ասում, նրանք լավ կհասկանան` ու մասին է խոսքը: Այս է եկեղեցին»,- ասել է տեր Սահակը: Նա նաեւ խոսել է մարտի 1- ի եւ քաղբանտարկյալների մասին: Ըստ նրա, եկեղեցիներում վախենում են խոսել այդ թեմաներով, միակ բացառությունը Կաթողիկե եկեղեցին էր, որ պատարագ մատուցեց 10 զոհերի համար:

Բայց, ըստ տեր Սահակի ճշտած տեղեկությունների, դրա համար նշված եկեղեցին խնդիրներ է ունեցել Էջմիածնի հետ: