Պրոպագանդան եւ մանիպուլյացիան նոր բան չեն, սակայն սոցիալական ցանցերը թույլ են տալիս դա անել չափազանց օպերատիվ կերպով՝ ավելի քիչ ռեսուրսներ օգտագործելով եւ թաքցնելով ինքնությունը: Այս մասին օգոստոսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Փաստորեն, ըստ փորձագետի, այս կամ այն հարցի վերաբերյալ հայ հասարակության եւ նրա կարծիքի վրա կարելի է լրջորեն ազդել՝ ընդ որում, նվազագույն ռեսուրսներ օգտագործելով: «Քանի որ մի քանի հոգուց բաղկացած փոքր խումբ իր փոքր բյուջեով կարող է ապատեղեկատվություն տարածել, ընդ որում՝ մեծ քանակությամբ: Սա կարող է լինել մանիպուլյատիվ բնույթի տեղեկատվություն: Եվ շատ դեպքերում, նույնիսկ հակամիջոցների կիրառումը, որոնք կարող են բավականին տպավորիչ լինել, ցանկալի արդյունք չեն տա»,- պարզաբանեց Մարտիրոսյանը:
Սա, ըստ մեդիա փորձագետի, կապված է այն հանգամանքի հետ, որ ապատեղեկատվությունը, հատկապես սկանդալային բնույթի, տարածվում է ավելի արագ եւ «ավելի որակով», քան դրան հետեւող հերքումը, քանի որ այն պակաս հետաքրքիր է հասարակության:
Մարտիրոսյանը նաեւ կարծում է, որ Հայաստանում արդեն կա մի քանի խումբ կա, որոնք հետաքրքրված են սոցիալական ցանցերի միջոցով հասարակական գիտակցության մանիպուլացմամբ:
«Լինելով համաշխարհային սարդոստայնի մի մաս՝ մենք ակտիվորեն մասնակցում ենք այս ամենին: Հասարկությունը ներգրավվում է այս գործընթացներում որպես անգիտակից, բայց բավականին ակտիվ մասնակից: Իհարկե, այս ամենը շատ վտանգավոր է, քանի որ միայն Facebook-ում Հայաստանից 1 մլն 200 հազար ակտիվ բաժանորդ կա: Մենք նույնիսկ կարող ենք ասել, որ դա գրեթե մեր ողջ հասարակությունն է»,- եզրափակեց փորձագետը` նշելով, որ դա բավական վտանգավոր սպառնալիք է հասարակության համար, քանի որ նման հանգամանքներում կարելի է շատ հեշտ ապակայունացնել իրավիճակը երկրում:




























