Այսօր հիշարժան օր է հայ–չինական հարաբերությունների պատմության համար։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 22–ին Հայ–չինական բարեկամության դպրոցի բացման ժամանակ հայտարարել է ՀՀ–ում Չինաստանի դեսպան Թիան Էրլուն (ֆոտոռեպորտաժ)։
Նա ուրախությամբ նշել է, որ բարեկամության դպրոցի շենքի շինարարությունը բարեհաջող ավարտվել է, իսկ շինարարությունն իրականացվել է Չինաստանի անհատույց օգնությամբ. «Չինարենի խորացված ուսուցման դպրոցը կարեւոր է երկու երկրների միջեւ հումանիտար կապերի ամրապնդման տեսանկյունից»,–հայտարարել է դեսպանը։
Նրա խոսքով՝ շինարարությունը 15 ամիս է ձգվել, իսկ դա վկայությունն է այն բանի, որ չինացի բանվորները աշխատում են օր ու գիշեր, որ կառուցեն ժամանակակից շինություն։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել շինարարներին, Կրթության եւ գիտության նախարարությանը եւ Երեւանի քաղաքապետարանին։ «Չնայած մեր երկրները միմյանից տարածքներով շատ հեռու են, սակայն նրանք հայտնի են իրենց հարուստ մշակույթով, մենք շատ ընդհանրություններ ունենք ավանդույթների տեսանկյունից»,–նշել է դեսպանը։
Թիան Էրլուն շեշտել է այն ուշադրությունը, որ ՀՀ կառավարությունն հատկացնում է կրթության ոլորտի զարգացմանը եւ հայ–չինական համագործակցությանը։
Նա հայտարարել է, որ ՀՀ–ում չինարեն սովորողների քանակը աճում է եւ տասնյակ երիտասարդներ ամեն տարի կրթություն են ստանում Չինաստանում երկրի կառավարության կողմից տրամադրվող կրթաթոշակների հաշվին։











