Հունիսին ունեցել ենք 9.6 տոկոս տնտեսական ցուցանիշ, հուլիսին ունեցել ենք 11.1 տոկոս տնտեսական ցուցանիշ, ինչը բացառիկ ցուցանիշ է: Այս մասին այսօր` օգոստոսի 22-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով` տնտեսության զարգացման մի քանի մոդել կա, որոնցից մեկն այն է, որ կառավարությունը ստեղծում է պայմաններ, իսկ մոդելը թողնում է շուկային:
Նրա խոսքով՝ կան շուկաներ, որտեղ այս մոդելը աշխատում է, սակայն արագ զարգացող երկրներն այլ փորձ են կիրառում:
«Ապահովված երկրներում կարևոր է, որ կառավարությունը ներկայացնի իր տեսլականը, այսինքն, թե ինչպես է պատկերացնում տնտեսության զարգացման մոդելն ու ռազմավարությունը: Բանն այն է, որ շատ հաճախ պոտենցիալ ներդրողները լինում են 2 ճաշակի՝ մի մասը գիտի՝ ինչ է ուզում, իսկ մյուս մասի համար շատ կարևոր է, որ պետությունը կոնկրետ ուղի գծի, թե հատկապես որ ոլորտներում կարող են լինել ներդրումներ»,- ասել է վարչապետը:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ իրենց համար տնտեսության լոկոմոտիվը պետք է լինի բարձր տեխնոլոգիական արտադրությունը, որը ինչպես ընդունված է ասել, վերաբերում է կոշտ արտադրանքին:
«Այսօր որոշակի ներդրումային հետաքրքրություն կա՝ արևային էլեկտրակայանների համար պանելների արտադրությունը սկսելու: Սա այն ոլորտն է, որն իսկապես կարող են համարել հեռանկարային, քանի որ արևային էլեկտրաէներգիան նոր է զարգանում, առաջիկայում այն լինելու է ամենահզոր ճյուղերից մեկը: Տեղյակ եմ, որ կան ներդրումներ որոշակի տեխնոլոգիական ապրանքներ արտադրելու մասով, օրինակ՝ հեռուստացույցներ և կենցաղային տեխնիկային թողարկում: Հույս ունենք, որ այդ գործարարերը կհաջողեն, իսկ կառավարությունը նրանց կաջակցի»,-ասաց վարչապետը:











