Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հինգշաբթի եռօրյա այցով մեկնում է Անդրկովկասի երկրներ: Շրջագայության շրջանակներում նա կայցելի Վրաստան, Հայաստան եւ Ադրբեջան, բանակցություններ կանցկացնի երեք երկրների ղեկավարների հետ, կքննարկի անվտանգության հարցերը, երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանում իրավիճակը եւ տնտեսությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Գերմանիայի կառավարությունում աղբյուրը հայտնել է, որ Բեռլինը մեծ նշանակություն է տալիս Անդրկովկասի եւ ԵՄ Արեւելյան գործընկերության երկրների (Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա) հետ համագործակցությանը: «Մենք ցանկանում ենք ընդլայնել հարաբերությունները, եւ սա նույնպես կքննարկվի այցի ընթացքում», - ասել է աղբյուրը: «Մենք հետաքրքված ենք տարածաշրջանի քաղաքական եւ տնտեսական զարգացմամբ, ժողովրդավարության եւ իրավական պետության նորմերի աջակցությամբ»:
Այց Վրաստան
Արդեն հինգշաբթի կեսօրից հետո Մերկելը կժամանի Վրաստան, որտեղ կհանդիպի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու եւ կառավարության ղեկավար Մամուկա Բախտաձեի հետ: Առաջիկա ուղեւորությունը հանրապետություն կանցլերի պաշտոնում նրա երկրորդ այցն է, առաջին անգամ, կառավարության ղեկավարի պաշտոնում նա 2008 թվականին էր Վրաստան այցելել:
Գերմանիայի կառավարությունում աղբյուրը հիշեցրել է, որ Բեռլինը պաշտպանում է ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ Թբիլիսիի մերձեցման գործընթացը, որն արտահայտվում է անվտանգության քաղաքականության բնագավառում սերտ համագործակցությամբ, սակայն դաշինքին պետության անդամակցության թեման չի նշվում օրվա հրատապ հարցերի ցանկում:
«Ներկա պահին դա հրատապ քաղաքական թեմա չէ, նշված չէ օրակարգում», - ասել է նա:
Այց Երեւան
Ուրբաթ կեսօրին կանցլերը կժամանի Երեւան, որտեղ բանակցություններ են նախատեսված Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Գերմանական կառավարության աղբյուրը տեղեկացրել է, որ երբ լայնամասշտաբ ցույցերի արդյունքում Փաշինյանը գլխավորեց կառավարության ղեկավարի պաշտոնը, պետությունների հարաբերություններում «դրական օրակարգ» նկատվեց:
«Մեր կարծիքով այժմ լավ ժամանակ է այս երկիր այցելելու համար», - նշել են Բեռլինում: Մերկելը կհանդիպի նաեւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ եւ կայցելի 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Այց Բաքու
Հաջորդ օրը Գերմանիայի Կառավարության ղեկավարը կմեկնի Բաքու: «Քաղաքական եւ տնտեսական տեսանկյունից մենք Ադրբեջանին տարածաշրջանում ծանրակշիռ երկիր ենք համարում», - նշել են Գերմանիայի կառավարությունում: Հանրապետությունում Մերկելը բանակցություններ կանցկացնի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, կքննարկի Լեռնային Ղարաբաղի հարցը, երկկողմ օրակարգը, ինչպես նաեւ էներգետիկայի հարցերը:
Բացի այդ, ինչպես նշել են Կառավարությունում, կանցլերը կբարձրացնի նաեւ մի շարք բարդ խնդիրներ: Դրա պատճառը վերջերս տեղի ունեցած սկանդալն է, որը կապված է նրա հետ, որ Ադրբեջանը Մերկելի կուսակցությունից (Քրիստոնեադեմոկրատական միություն) Բունդեսթագի պատգավոր Ալբերտ Վայլերին ընդգրկել է անցանկալի անձանց ցանկում եւ թույլ չի տվել նրան երկիր մուտք գործել:
Քաղաքական գործիչը ներկայացնում է Անդրկովկասի երկրների հետ համագործակցության խորհրդարանական խումբը եւ Գերմանիայի կառավարության պատվիրակության անդամների ցանկում էր գտնվում: 2014 եւ 2016 թվականներին նա այցելել է Լեռնային Ղարաբաղ, որի պատճառով էլ Բաքուն նրան ընդգրկել էր անցանկալի անձանց ցուցակում:
Նրա խոսքով, Մերկելն անպայման Բաքվում կանդրադառնա մարդու իրավունքների, մամուլի ազատության եւ քաղաքացիական հասարակության հարցերին:





























