ԱՄՆ արդարադատության նախարարությունը եւ արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովը հետաքննում են կաշառք տալու եւ կոռուպցիա դեպքերը, որոնք, հնարավոր է, տեղ են գտել հունգարական կառավարական հաստատություններին Microsoft-ի ծրագրերի վաճառքի ժամանակ, հաղորդում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը:
Աղբյուրների համաձայն՝ խոսքը 2013 եւ 2014 թվականներին Հունգարիայում միջնորդական ընկերություններին Word եւ Excel ծրագրերի վաճառքի մասին է: Այդ ընկերությունները զեղչով են ձեռք բերել Microsoft-ի ծրագրային ապահովումը, ապա ավելի բարձր գնով վերավաճառել են Հունգարիայի կառավարական կառույցներին:
Նշվում է, որ քննիչները կասկածում են միջնորդական ընկերություններին նրանում, որ գների տարբերությունը օգտագործվել է պաշտոնյաներին վճարելու եւ կաշառք տալու համար: Ներկայումս Microsoft-ը ազատել է աշխատանքից այն աշխատակիցներին, որոնք կապ են ունեցել նշված գործարքների հետ, եւ համագործակցում է քննության հետ:





























