Ի՞նչ է լավ սմարթֆոնը՝ առանց համապատասխան ինտերնետի: Մեր օրերում այն պարզապես անպետք պլաստիկի կտոր է: Այսօր առանց ինտերնետի հեռախոսը նույնն է, ինչ Jaguar XJ ավտոմեքենան՝ առանց վառելիքի: Հիասքանչ տեսք ունի, բայց անպետք իր է: Ընթերցողը, ամենայն հավանականությամբ, օգտվում է 4G ինտերնետից, որն այնքան արագ է, որ թույլ է տալիս շուրջ մեկ ժամում, եթե ոչ ավելի արագ, HD որակով ֆիլմ ներբեռնել: Սակայն համաշխարհային հեռահաղորդակցական հսկաները հավաքվել ու որոշել են, որ մեզ բոլորիս օդ ու ջրի պես բոլորովին նոր բան է պետք:
.jpg)
Նոր՝ 5G ցանցը 4G-ի նորացված տարբերակը չի լինի: Այն իր տեսակի մեջ յուրովի կլինի, քանի որ, այո՛, հնարավոր կլինի ներբեռնել 100 կամ նույնիսկ 1.000 անգամ ավելի արագ, բայց բանը միայն դա չէ: Անխոս, արագությունը տպավորիչ կլինի, բայց 5G ցանցը թույլ կտա մեր իրականությունը բոլորովին այլ կերպ ընկալել: Ինչպես հասցրել եք նկատել, եթե, իհարկե, չեք ապրում անտառում, օրեցօր մենք ավելի ու ավելի հաճախ ենք միանում եւ ավելի ու ավելի շատ ենք կախվածության մեջ ընկնում այդ ցանցից:

«Օնլայն» ռեժիմի են անցել նույնիսկ ավտոմեքենաները: 5G ցանցում ինքնավար ավտոմեքենաներն ավելի օպերատիվ տվյալներ կփոխանակեն միմյանց հետ, ինչը թույլ կտա եթե ոչ լիարժեք խուսափել, ապա գոնե նվազեցնել խցանման մեջ հայտնվելու հավանականությունը եւ կօգնի ընդհանրապես բեռնաթափել երթեւեկությունը: Նրանում, որ վիրտուալ իրականությունն (VR) այսօր բավական սահմանափակ է օգտագործվում, 4G ցանցի ոչ բավարար արագությունը պատճառներից վերջինը չէ: 5G ցանցը լուծում է այդ խնդիրն այնպես, որ VR-ը կարելի է վայելել՝ որտեղ ասես եւ երբ ասես: Առավելությունների ցանկը բավական երկար է, իսկ ես ներկայացնում եմ միայն մի քանիսը: Ի վերջո՝ նոր ցանցի շնորհիվ կարող են ի հայտ գալ տարբեր նոր գործիքներ եւ սարքեր, որոնք մասին մենք առայժմ չենք էլ մտածել:

Մեկ շաբաթ առաջ Sprint եւ LG ընկերությունները հայտարարեցին, որ ծրագրում են 2019 թվականի կեսերին նոր 5G սմարթֆոններ թողարկել: Նրանք, ի դեպ, միակը չեն: Օրինակ՝ օրերս Motorola-ն թողարկել է Moto Z3 սմարթֆոնը, որն աշխատում է 4G ցանցով, բայց 5G ցանցի աջակցությամբ: Այսինքն՝ դեպի 5G ցանց առաջին գործնական քայլն արված է: ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Ֆինլանդիան, Էստոնիան, Հարավային Կորեան, Ավստրալիան, Ֆիլիպինները, Բանգլադեշը եւ Ինդոնեզիան արդեն սկսել են փորձարկել ցանցը եւ ծրագրում են համակարգը շահագործել առավելագույնը երկու տարիների ընթացքում:
Ե՞րբ Հայաստանը կհամալրի այն երկրների ցանկը, որոնք 5G-ի են անցել, դժվար է ասել: Մենք մշտապես երկրի ղեկավարությունից լսում ենք, որ Հայաստանը պետք է նորագույն տեխնոլոգիաների ոլորտում տարածաշրջանի առաջատարը լինի:

Չեմ ասի, թե նոր ցանցը թերություններ չունի: Թերություններ կան ամեն ինչում, ինչը վերաբերում է ինտերնետին: Դա անխուսափելի է: Քրեական տարրերը նոր՝ ավելի հզոր եւ արագ ցանցի ի հայտ գալուն սպասում են օրինապաշտ քաղաքացիներից ոչ պակաս: Բայց այս մտավախությունները վերաբերում են ոչ միայն ինտերներին, այնպես չէ՞: Երբ մարդկությունը սովորեց թռչել, ինչ-որ մի խելոք մտածեց. «Իսկ ինչո՞ւ թռչող սարքերից ռումբ չնետել»: Երբ մարդկությունը բացահայտեց էլեկտրականությունը, հերթական խելոքը ստեղծեց էլեկտրական աթոռը, կարծես մարդկանց սպանելու միջոցները քիչ էին:
Մի խոսքով՝ ցանկացած նորույթ մեդալ է, որը երկու կողմ ունի՝ լավ եւ վատ: Լավի հետ կլուծենք հարցերը, իսկ վատի դեմ պետք է պայքարել եւ նվազագույնի հասցնենք դրա վնասների հետեւանքները:
Հրայր Դալլաքյան




























