ՌԴ-ի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների առաջին փաթեթը կիրականացվի երկուշաբթի՝ օգոստոսի 27-ին: Այս մասին նշվում է Դաշնային ռեգիստրում, պետական մարմինների գործողությունների եւ կանոնակարգերի ամենօրյա կատալոգում հրապարակված ծանուցման մեջ, հաղորդում է Reuters-ը:
Պետդեպը մտադիր է օգոստոսի 27-ին օտարերկրյա օգնության, զենքի վաճառքի եւ ՌԴ-ի ֆինանսավորման դադարեցման եւ ԱՄՆ-ի անվտանգության հետ կապված ապրանքների եւ տեխնոլոգիաների արտահանման արգելման մասին ծանուցում հրապարակել: Այս հրապարակմամբ պատժամիջոցները պաշտոնապես կսկսեն իրականացվել:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման մասին հայտարարել էր օգոստոսի 8-ին՝ կապված այս տարվա մարտին Սոլսբերիում նախկին ռուսական լրտես Սերգեյ Սկրիպալի եւ նրա դուստր Յուլիայի թունավորման հետ: Վաշինգտոնը «քիմիական զենք կիրառելու» համար մեղադրել էր Մոսկվային:
Հիշեցնենք, որ Լոնդոնը հայտարարել էր, որ Սկրիպալները թունավորվել էին ԽՍՀՄ-ում ստեղծված «Նովիչոկ» խմբի նյարդային թույնի միջոցով: Մեծ Բրիտանիան մեղադրել էր Ռուսաստանին թունավորման մեջ, արտաքսել էր ավելի քան 20 ռուս դիվանագետների եւ նվազեցրել էր երկկողմ հարաբերությունների մակարդակը:





























