Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը չի կառուցում հակադրության սկզբունքների վրա: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսին այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով հարցն այն մասին՝ արդյո՞ք Հայաստանը մտադիր է ԵՄ-ի հետ հարաբերությունները հավասարակշռել Ռուսաստանի հետ հարաբերություններին:
Վարչապետն ընդգծել է, որ, ինչպես դա բազմիցս շեշտվել է, Հայաստանը թավշյա հեղափոխությունից հետո մտադիր չէ շրջադարձներ եւ ռեվերսներ կատարել արտաքին քաղաքականության մեջ: «Մենք մտադիր ենք զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում: Միեւնույն ժամանակ, մենք մտադիր ենք զարգացնել հարաբերությունները ԵՄ-ի, մասնավորապես՝ Գերմանիայի հետ: Տիկին Մերկելի հետ քննարկումների ընթացքում արձանագրվել է, որ այս մոտեցումը դրականորեն է ընկալվում Գերմանիայում: Մենք հակասություններ եւ հակակշիռների անհրաժեշտություն չենք տեսնում»,- նշեց Փաշինյանը:
Նա հիշեցրել է, որ ԵԱՏՄ շուկան առանձնակի նշանակություն ունի Հայաստանի համար: «Սակայն մենք արձանագրել ենք, որ Հայաստանում ԵՄ-ի հետ առեւտրի հատուկ ռեժիմ կա: Այն թույլ է տալիս ընդլայնել ապրանքաշրջանառության ծավալները: Այստեղ խնդիրը ոչ թե քանակական, այլ որակական փոփոխության մեջ է»,- հավելել է վարչապետը:
Իր հերթին, Անգելա Մերկելը նշել է, որ Հայաստանը կարող է Ռուսաստանի եւ ԵՄ-ի հետ համագործակցության հիանալի օրինակ լինել:




























