Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ շրջանառության մեջ են դրել օրենքի մի նախագիծ, որով փորձում են տեղական արտադրողներին պաշտպանել՝ մաքսատուրքերը 5 տոկոսով բարձրացնելով՝ ներկայիս 10 տոկոսից մինչեւ 15 տոկոս։

Նախագիծը հեղինակել են Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ), Արա Նռանյանը (ՀՅԴ), Վարդան Բոստանջյանը («Բարգավաճ Հայաստան»), Գոհար Ենոքյանը («Բարգավաճ Հայաստան»), Հակոբ Հակոբյանը (ՀՀԿ)։

Պատգամավորների ներկայացրած ցանկում ընդհանուր առմամբ ներառված է 44 ապրանքատեսակ՝ կաթ, պանիր, բոված սուրճ, մեղր. ալյուր, երշիկեղեն, շոկոլադ, ցեմենտ, թաշկինակ, զուգարանի թուղթ եւ այլն։

Սակայն կառավարությունն այսօր՝ փետրվարի 3-ի նիստում բացասական եզրակացություն տվեց օրենքի այդ նախագծին։ Հիմնական պատճառաբանություններից մեկն այն էր, որ մաքսատուրքի բարձրացումը կստեղծի գնաճ։ Իսկ պատգամավորների կարծիքով՝ Չինաստանից, Թուրքիայից եւ ԱՄԷ-ից ներմուծվող ապրանքների ինքնարժեքն այնքան ցածր է, որ մաքսատուրքի 5 տոկոս ավելացումը գնաճ չի ստեղծի։

Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ներկայացնելով մաքսատուրքի բարձրացման աննպատակահարմարությունը , ասաց նաեւ այդ քայլով Հայաստանը կխախտի Առեւտրի համաշխարհային կազմակերպությա առջեւ ստանձնած պարտավորություններ, այնինչ պատգամավորները նշում են, որ որեւէ միջազգային պարտավորություն չի խախտվում։