2017 թվականից ի վեր Apple ընկերությունը Tesla-ի առնվազն 46 նախկին աշխատակցի է ընդունել աշխատանքի, այդ թվում՝ արտադրական, անվտանգության եւ ծրագրային ապահովման ինժեներների: Այս մասին գրում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով CNBC-ն: Հեռուստաալիքն իր հերթին վկայակոչում է Tesla-ի ներկա եւ նախկին աշխատակիցներին, ինչպես նաեւ LinkedIn սոցցանցի տվյալները:
Նշվում է, որ Tesla-ից մասնագետները սկսել են աշխատել ոչ միայն Project Titan էլեկտրամոբիլների ստեղծման Apple-ի նախագծի վրա, այլեւ մասնակցել ծրագրային ապահովման, էկրանների եւ այլ արտադրանքի մշակմանը:
Մասնավորապես, Apple-ում աշխատանքի է անցել Tesla-ի՝ ինժեներիայի հարցերով նախկին փոխնախագահ Դագ Ֆիլդը, որն Իլոն Մասկի ընկերությունում աշխատել է 2013 թվականից: Այնտեղ նա պատասխանատու է եղել նոր էլեկտրական մեքենաների մշակման համար, այդ թվում՝ Model 3-ի:





























