Բրիտանական ընկերությունները միլիոններ են շինել` վաճառելով կամ վարձով տալով օբյեկտներն իրանական այն ընկերություններին, որոնք եղել են միջազգային պատժամիջոցների տակ, ասվում են ԱՄՆ դեսպանատան փաստաթղթերում: Այդ մասին գրում է բրիտանական «The Daily Telegraph»-ը` վկայակոչելով Wikileaks կայքը: 

ԱՄՆ-ը ահռելի ճնշում է բանեցրել բրիտանական կառավարության վրա, որպեսզի արգելափակի գործարքները: Ամենից մեծ անհանգստությունը հարուցել է լոնդոնյան Balli Group-ը: 2008թ. փետրվարին ԱՄՆ պետքարտուղարությունը կապվել է դեսպանատան հետ` պահանջելով «անհապաղ գործողություններ» իրականացնել 3 Jumbo ինքնաթիռների կապակցությամբ, որոնք, իր կարծիքով նախատեսված էին Mahan Air իրանական ընկերության համար, որին արգելված է գործել Եվրոպական տարածքում:

«Բոինգ-747-400» ինքնաթիռը, որը պատկանում էր Balli Group-ի դուստր ձեռնարկությանը, տեխնիկական սպասարկում է անցել Հարավային Կորեայում, բայց ԱՄՆ-ը լուրջ հիմքեր է ունեցել կարծելու, որ այն նախատեսված է Mahan Air-ի համար: «Ինքնաթիռը գրանցված էր Balli-ի դուստր ձեռնարկությունում` Blue Airways of Armenia-ում, որն իր բոլոր ինքնաթիռները վարձով տալիս է Mahan Air-ին, որը կապված է իսլամական հեղափոխության կորպուսի հետ»,- ասված է հեռագրում:

2008թ. ապրիլին Մեծ Բրիտանիայի գանձապետարանը ամերիկյան դիվանագետներին հայտնել է, որ չի կարող միջամտել, քանի որ Balli  ընկերությունը չի խախտել բրիտանական օրենքները, բայց ԱՄՆ-ը կարող է ետ պահանջել ինքնաթիռները, քանի որ դրանք կառուցվել են այնտեղ: 2010թ. փետրվարին Balli Aviation-ը համաձայնվել է վճարել 2 միլիոն դոլար քրեական տուգանքներ եւ 13 միլիոն դոլար քաղաքացիական տույժեր` Իրանին ապօրինի կերպով ինքնաթիռներ մատակարարելու համար: