Ամերիկացի աստղագետները, օգտագործելով ՆԱՍԱ-ի «Կեպլեր» տիեզերական աստղադիտարանը, հայտնաբերել են վեց մոլորակ, որոնք պտտվում են Արեգակի տիպի աստղի շուրջ, որն անվանվել է Կեպլեր-11 եւ գտնվում է Երկրից մոտ 2000 լուսատարի հեռավորության վրա: Բոլոր մոլորակները պտտվում են համարյա նույն հարթության մեջ եւ գտնվում են աստղից փոքր հեռավորությունների վրա: Աստղագետների համար այսպիսի համակարգի գոյությունը հայտնություն է: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են Հայաստանի գիտական լրագրողների ակումբից:
Ըստ նրանց տրամադրած տեղեկատվության՝ առայժմ հայտնաբերված բոլոր մոլորակային համակարգերի մեջ Կեպլեր-11-ն ամենալիարժեքը եւ ամենակոմպակտն է: Չնայած արդեն հայտնի է 525 արտաարեգակնային մոլորակ, շատ քիչ աստղեր են հայտնի, որոնց մոտ հայտնաբերվել է մեկից ավելի մոլորակ, իսկ Կեպլեր-11-ն առաջին համակարգն է, որտեղ կա 3-ից ավելի մոլորակ: Բոլոր 6 մոլորակները Երկրից մեծ են, ամենամեծն իր չափերով համեմատելի է Ուրանի եւ Նեպտունի հետ: Ամենամոտ մոլորակը 10 անգամ ավելի մոտ է աստղին, քան Երկիրն Արեգակին եւ նույնիսկ ամենահեռուն (Կեպլեր-11g) 2 անգամ ավելի մոտ է, քան Երկիրն Արեգակին:
Հնարավոր է, որ այս համակարգում հայտնաբերվեն նաեւ այլ մոլորակներ: Կեպլեր աստղադիտարանի կողմից արտաարեգակնային մոլորակների հայտնաբերման սկզբունքը կայանում է նրանում, որ այն հայտնաբերում է աստղերի լույսի թեթևակի անկումը, երբ մոլորակն անցնում է աստղի սկավառակի առջեւով, այսպես կոչված` տրանզիտի մեթոդ: Այնուհետեւ հայտնաբերված մոլորակներն ուսումնասիրվում են ԱՄՆ մայրցամաքում, Հավայան եւ Կանարյան կղզիներում տեղադրված աստղադիտակներով, ինչպես նաեւ Սպիտցերի տիեզերական ենթակարմիր դիտակով: Կեպլերը կաշխատի առնվազն մինչեւ 2012թ. նոյեմբեր: Որոնումները հատկապես ուղղված են Երկրի չափերի եւ հեղուկ ջուր ունեցող մոլորակների հայտնաբերմանը: Դիտումները կատարվում են Կարապի եւ Քնարի համաստեղություններում:





























