Երեւանի բենզալցակայաններում բենզինը էլի թանկացավ: Այս տարվա ընթացքում բենզինը թանկանում է արդեն երրորդ անգամ: «Ռեգուլյար» տեսակի բենզինի մեկ լիտրը այսուհետ վաճառվում է 400 դրամով, «Պրեմիում» տեսակինը` 420 դրամով, «Սուպեր» տեսակի բենզինի մեկ լիտրը` 440 դրամով: Այդպիսով, մասնավորապես «Ռեգուլյար» տեսակի բենզինի մեկ լիտրի գինը 370-ից հասավ արդեն 400-ի: բենզինի ներկրմամբ զբաղվող ընկերությունները դա պայմանավորում են միջազգային շուկայում արձանագրված նավթի թանկացմամբ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս պնդումն արեց նաեւ Հայաստան բենզինի ներկրմամբ զբաղվող «Ֆլեշ» ընկերության փոխտնօրեն Մուշեղ Էլչյանը։
Թե բենզինի ո՞ր տեսակը ի՞նչ գնով է ընկերությունը Հայաստան բենզին ներկրում միջազգային շուկայում արձանագրված թանկացումների հետեւանքով, Էլչյանը չասաց, նշելով դա ֆինանսական գաղտնիք է։
Նա նաեւ խորհուրդ տվեց հետեւել միջազգային ասպարեզում տեղի ունեցող զարգացումներին, որոնք բենզինի գների թանկացման հետ կապված շատ բան կհուշեն: Տնտեսագետ Սամվել Ավագյանը եւս նշեց, որ բենզինի գնի թանկացումը պայմանավորված է նավթի գնի թանկացմամբ, ինչը արձանագրվել է դեռ նախորդ շաբաթվա սկզբից, այն օրվանից, երբ Եգիպտոսում սրվեց իրավիճակը։
«Եգիպտոսը թեեւ նավթի խոշոր արտադրող չէ, սակայն տարանցիկ երկիր է. Սուեզի ջրանցքով մեծ քանակությամբ նավթ է արտահանվում։ Եւ շատ տնտեսագետներ կանխատեսում են, որ եթե Սուեզի ջրանցքն էլ փակվի, ապա Եվրոպան կկանգնի նավթային ճգնաժամի առաջ։ Այդ պատճառով էլ նավթի գները սկսել են բարձրանալ»,-հայտարարեց տնտեսագետը։ Նրա խոսքով՝ եթե Եգիպտոսում իրավիճակը հանդարտվի,նավթի գինը կրկին կիջնի:
Նշենք, որ նավթի գները միջազգային շուկաներում վերջին երկու տարվա մեջ առաջին անգամ երկուշաբթի օրը՝ հունվարի 31-ին անցան 100 դոլարի սահմանը 1 բարելի դիմաց: Պատճառը ներդրողների այն մտահոգությունն է, որ Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունները կարող են ասդել նաեւ նավթարդյունահանող Մերձավոր Արևելքի երկրների վրա:
Brent Crude Oil մարկայի ֆյուչերսների գինը Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում երկուշաբթի աճեց 1.59 դոլարով` կազմելով 101.01 դոլար 1 բարելի դիմաց, որը հանդիսանում է ամենաբարձր գինը 2008 թ. սեպտեմբերից հետո:
Նյու Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում մարտ ամսվա ֆյուչերսների գինը Light Sweet Crude Oil մարկայի ամերիկյան թեթև նավթի համար բարձրացավ 2.85 դոլարով` մինչև 92.19 դոլար 1 բարելի դիմաց:
Իսկ երեքշաբթի՝ փետրվարի 1-ին, միջազգային շուկաներում նավթի գները փոփոխվեցին տարբեր ուղություններով: Brent Crude Oil-ի մարտյան ֆյուչերսների գինը IСE բորսայում աճեց 0.73 դոլարով` հասնելով 101.74 դոլարի մեկ բարելի դիմաց, իսկ NYMEХ բորսայում Light Sweet Crude Oil մարկայի նավթի գինը իջավ 1.42 դոլարով` կազմելով 90.77 դոլար 1 բարելի դիմաց:
























