ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 3-ին օրենսդիր, գործադիր մարմինների ու  հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել, որտեղ քննարկվել են պաշտպանության բանակի հետ համագործակցության հարցեր:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտում են, որ իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ պետության ու ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը պաշտպանության բանակն է, որի մարտունակության բարձր մակարդակը հանդիսանում է տարածաշրջանում կայունության պահպանման եւ հարեւան պետությանը ապակառուցողական քայլերից զերծ պահելու կարեւորագույն գործոններից մեկը:

Նա ընդգծել է, որ արդի ժամանակահատվածում անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել բանակ-հասարակություն հարաբերությունները նոր մակարդակի հասցնելուն ուղղված խնդիրներն ու միջոցառումները: Այս համատեքստում ԼՂՀ նախագահը կարեւորել է պաշտոնյաների եւ հասարակական հատվածի ներկայացուցիչների ավելի հաճախակի այցելությունները զորամասեր, տեղում հանդիպումները անձնակազմի հետ եւ անհրաժեշտ օգնության ցուցաբերումը՝ բանակի առջեւ ծառացած խնդիրների լուծման գործին նպաստելու համար: 

Խորհրդակցության ընթացքում հատուկ ուշադրություն է հատկացվել քաղաքացիական պաշտպանության հիմնախնդիրներին:

Ելույթներով հանդես են եկել նաեւ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, ՊԲ շտաբի պետ Լեւոն Մնացականյանը, փրկարար ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը, կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք:

Բակո Սահակյանը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: