Թուրքիայի դեմ ԱՄՆ-ի առեւտրային պատժամիջոցները «կարող են ապակայունացնել Մերձավոր Արեւելքում իրավիճակը եւ սրել ահաբեկչությունը եւ փախստականների ճգնաժամը»: Այս մասին Փարիզում ֆրանսիացի գործընկեր Բրունո Լե Մեյերի հետ հանդիպումից հետո ասուլիսի ժամանակ հայտարարել է ֆինանսների նախարար, Թուրքիայի նախագահի փեսա Բերատ Ալբայրաքը, հաղորդում է Reuters-ը:
«Քաղաքական դրդապատճառներով ձեռնարկված այս քայլերը (ԱՄՆ-ի) կազդեն ոչ միայն գլոբալ ֆինանսական համակարգի, այլ նաեւ գլոբալ առեւտրի եւ տարածաշրջանային կայունության վրա», - ասել է նա՝ հավելելով, որ այդ միջոցները կհանգեցնեն տարածաշրջանի ապակայունացմանը, ահաբեկչությանը, ինչպես նաեւ փախստականների ճգնաժամին:
Հիշեցնենք, որ Անկարայի եւ Վաշինգթոնի հարաբերությունները վատթարացան ամերիկյան քահանա Էնդրյու Բրանսոնի գործի պատճառով:Թուրքիայի իշխանությունները Բրանսոնին մեղադրում են լրտեսության, քուրդ ապստամբներին եւ անցյալ տարվա պետական հեղաշրջման փորձի կազմակերպիչներին սատարելու մեջ: Նրան սպառնում է 35 տարվա բանտարկություն: Վաշինգթոնը կարծում է, որ նա անմեղ է, եւ նրա կալանավորումն ու դատը քաղաքական դրդապատճառներով են պայմանավորված: ԱՄՆ-ն պնդում է Բրանսոնին ազատելու եւ հայրենիք վերադարձնելու մասին: Դրա հետ կապված Վաշինգթոնը պատժամիջոցներ է սահմանել 2 թուրք նախարարների դեմ: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր, որ թուրք պաշտոնյաների դեմ նոր պատժամիջոցներ է պատրաստում:





























