Երևանը հմուտ ղեկավարի կարիք ունի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ խոսելով ՀՅԴ-ի կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Միքայել Մանուկյանի մասին։
«Միքայել Մանուկյանը, որպես հմուտ ղեկավար, իրեն լավագույնս է դրսևորել։ Քաղաքը հենց հմուտ ղեկավարի կարիք ունի։ Նա տիրապետում է քաղաքի իրավիճակին։ Քաղաքապետը պետք է քաղաքը 10 մատի պես ճանաչի, իմանա՝ որտեղ ինչ խնդիրներ կան, գտնի լավագույն կադրերին։ Նոր Հայաստանում չպիտի բոլոր կադրերին մի կողմ գցենք և նորերին բերենք, այդ մոտեցումը չեմ ընդունում: Ով լավ է աշխատել, նա պիտի իր տեղում մնա»,- շեշտեց նա։
Արմեն Ռուստամյանը վստահեցրեց, որ Միքայել Մանուկյանը թիմով է աշխատելու, «ամեն հարց իր լուծողն է ունենալու, և այդ լուծողը լավագույնն է լինելու»։
Նա նաև ընդգծեց, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել, և բոլորը հավատում են, որ քաղաքապետի ընտրություններն իրական ընտրություններ են լինելու:
«Ցանկացած քաղաքական ուժ, երբ տեսնում է, որ ընտրություններն ընտրություն են, չի կարող չմասնակցել: Պարտավոր է մասնակցել, եթե նույնիսկ կարող է չհաղթահարել անցողիկ շեմը»,- հավելեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը։











