Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել Ձորաղբյուրում օգոստոսի 28-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան վրա կատարված հարձակման վերաբերյալ:
Այս առնչությամբ ոստիկանության հաղորդագրության մեջ ասվում է.
«Օգոստոսի 28-ին, ժամը 23.00-ին, 1988 թ. ծնված Գոռ Մ.-ն ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, Ձորաղբյուր գյուղում գտնվող, իրեն պատկանող առանձնատուն են ներխուժել դիմակավորված եւ զինված 3 անձինք:
Գոռ Մ.-ն եւ հայրը դիմադրություն են ցույց տվել առանձնատուն խուժած անձանց, որի ընթացքում ինքն իր անվամբ հաշվառված «Վալտեր» մոդելի գազային ատրճանակով վնասազերծել են հարձակվողներից մեկին, ում ձեռքին եղել է ինքնաձիգ, մյուս երկուսը դիմել են փախուստի:
Դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, Գյումրիի բնակիչ, 42-ամյա Հ. Ռիժենկոն եւ դեռեւս չպարզված երկու անձինք զինված ինքնաձիգներով մուտք են գործել հիշյալ տուն, որտեղ Գոռ Մ.-ն հոր հետ դիմադրություն են ցույց տվել ինքնաձիգով զինված Հ. Ռիժենկոյին, ինչից հետո չպարզված երկու անձինք անկանոն կրակոցներ են արձակել եւ դիմել փախուստի:
Դեպքի վայրի զննությամբ տան բակից հայտնաբերվել է 16 հատ 7,62 տ/չ պարկուճ, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ, սպորտային պայուսակ, որի մեջ եղել է կպչուն ժապավեն եւ լինգ:
Հ.Ռիժենկոն ձերբակալվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած 2 անձանց ինքնությունը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն»:
Բացի այդ, ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Արման Մկրտումյանի մարմնի վրա հայտնաբերվել է վնասվածք, ծանրության աստիճանը եւ բնույթը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նա հոսպիտալացված չէ:
«Այս պահին վարույթ իրականացնող մարմինը հոսպիտալացված անձանց վերաբերյալ տեղեկություններ չունի»,-ասաց նա:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով։ Մեկ անձ ձերբակալվել է։
Առգրավվել են տուժողի տան տարածքում գործող անվտանգության տեսախցիկների տեսագրությունները։
Մշակվել է քննչական պլան, և ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր գործողությունները՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, կատարված առերևույթ ավազակային հարձակմանը մասնակցություն ունեցած մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Նշանակվել են փորձաքննություններ։





























