Հայաստանի Ազգային ժողովոն այսօր՝ օգոստոսի 29–ին, երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը։ Քննարկումը  կազմակերպվում է առաջին ընթերցմամբ օրենքի ընդունումից հետո՝ 24 ժամվա ընթացքում: Նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները եւ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանվել է 3-ական ժամ:

Նշենք, որ նախօրեին՝օգոստոսի 28-ին, Խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց օրինագիծը։ Այն թույլ է տալիս սահմանվածից 40 մլն խմ ավելի ջուր բաց թողնել Սեւանա լճից։ Այսինքն սահմանված տարեկան 170 մլն խմ ջրի փոխարեն այս տարի ջրառը կկազմի մինչեւ 210 մլն խմ:

Հիմնական զեկուցող՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի  նախագահ Ինեսա Գաբայանը ներկայացրել է հիմնավորումները՝ նշելով, որ կառավարությունը ստիպված է դիմում այս քայլին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է հնարավորության դեպքում չօգտվել Սեւանից բաց թողնված ջրից, բայց, քանի որ ոռոգման  համակարգում կորուստները մեծ են, գյուղական 55 հազար տնտեսություններ հողերը ոռոգելու խնդիր կունենան, եթե ԱԺ–ը մերժի օրինագիծը։ 

ԱԺ-ում օևրենքն առաջին ընթերցմամբ ընդունվել է 68 կողմ եւ մեկ դեմ ձայներով: