Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող քաղաքական ուժերի համար այսօր՝ օգոստոսի 29-ը վերջին ժամկետն է, երբ կարող են իրենց փաստաթղթերը ներկայացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով: Նշենք, որ ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 23-ին: Քարոզարշավը կսկսվի սեպտեմբերի 10-ից եւ կտեւի մինչեւ սեպտեմբերի 21-ը:

Ընտրողների ցուցակը ոստիկանության կայքում կտեղադրվի սեպտեմբերի 3-ին՝ ներբեռնելու հնարավորությամբ: Մինչ այդ, արդեն իսկ Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունը ԿԸՀ-ին է ներկայացրել Երեւանի ընտրողների թիվը, որը կազմում է 853 390 մարդ: Նշենք, որ մեկ տարի առաջ տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ այդ թիվը եղել է 841 973:

Նշենք, որ արդեն իսկ 11 քաղաքական ուժեր հայտարարել են Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու իրենց մտադրության մասին: Երեկ երեկոյի դրությամբ իր փաստաթղթերը ԿԸՀ էր ներկայացրել միայն Ռեֆորմիստների կուսակցությունը:

ՀՀՇ եւ  «Հայոց հայրենիք» կուսակցությունը ավագանու ընտրություններին կմասնակցի  «Երեւանցիներ»  դաշինքով:  Ցուցակում առաջին համարը Արարատ Զուրաբյանն է, երկրորդը Դավիթ Առաքելյանը, երրորդը Գագիկ Գյանջումյանն է:

ՀԺԱՄ-ը ավագանու ընտրութուններին առաջադրել է Գեւորգ Սանդալյան ի թեկնածությունը:

«Հայք կամ հայկազունիներ» ներկայացնում են Պետրոս Քասախյանի թեկնածությունը:

Ստորեւ ներկայացնում ենք այդ քաղաքական ուժերին եւ նրանց ցուցակը գլխավորող (քաղաքապետի թեկնածուներ) անձանց անունները:

«Քաղաքացիական պայմանագիր» - Հայկ Մարության

«Լույս» դաշինք («Լուսավոր Հայաստան եւ «Հանրապետություն» կուսակցություն) – Արտակ Զեյնալյան

ԲՀԿ – Նաիրա Զոհրաբյան

«Ժառանգություն» Րաֆֆի Հովհաննիսյան

«Երկիր ծիրանի» - Զարուհի Փոստանջյան

ՀՅԴ – Միքայել Մանուկյան

«Ժողովրդավարական ուղի» - Մանուել Գասպարյան

ՀՀՇ – Արարատ Զուրաբյան

«Երեւանի հանրություն» նախաձեռնություն – Անահիտ Թարխանյան

Ռեֆորմիստներ կուսակցություն - Արտակ Ավետյան

«Օրինաց երկիր»- Մհեր Շահգելդյան