Իրանի հատուկ ծառայությունները տասնյակ լրտեսների են ձերբակալել, հայտնել է ԻԻՀ տեղեկատվության նախարար Մահմուդ Ալավին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Բազմիցս ասել եմ, որ մեզ հաղորդեն երկքաղաքացիություն ունեցող անձանց մասին։ Հակահետախուզությունը բավականին հաջող է եղել, մեզ հաջողվել է բացահայտել ու ձերբակալել տասնյակ լրտեսների տարբեր կառույցներում»,- նախարարի խոսքը մեջբերում է ISNA գործակալությունը։
Ալավին չի հստակեցրել, թե երբ եւ ինչ ժամանակահատվածում են իրականացվել տվյալ գործողությունները։
Նա նաեւ հայտնել է, որ հատուկ ծառայություններին անցյալ տարվա ընթացքում հաջողվել է տապալել 230 ահաբեկչական բջջի գործունեություն, իսկ այս ամիս Իրանում կանխվել են ահաբեկչական գործողություններն այնպիսի վայրերում, ինչպիսիք են համալսարաններն ու մետրոն։ Press TV հեռուստաալիքը նշում է, որ խոսքը հնարավոր ահաբեկչական պայթյունների մասին է։
Բացի այդ, նախարարի խոսքով՝ շուրջ 32 ահաբեկչական խմբեր մտադրվել են Իրանում ստեղծել նույն իրավիճակը, ինչ Սիրիայում։ «Նրանք ցանկանում էին սպանել 5 սուննի աստվածաբանի՝ այդպիսով հրահրելով պատերազմ սուննիների ու շիաների միջեւ»,- հայտնել է Ալավին՝ հավելելով, որ այդ ծրագրերը եւս հաջողվել է տապալել։
Նա հավելել է նաեւ, որ այս ամիս նրանց հաջողվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամի ձերբակալել Իրանի հարավում, իսկ ավելի վաղ լուրջ կորուստներ պատճառել նրանց նաեւ Թեհրանում։





























