Մեզ համար գլխավոր պատճառն այն էր, որ մենք ընդունեցինք կրավորական կեցվածք, իսկ քաղաքական փոքրամասնություն իր համախոհներով շանտաժով Հայաստանում իշխանություն փոխեց: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության պատճառների մասին հարցին:

Դիտարկմանը, որ Ռոբերտ Քոչարյանը որպես պատճառ նշել է նաեւ Սերժ Սարգսյանի կողմից երրորդ ժամկետի գնալը, Շարմազանովն արձագանքեց. «Դա նշվել է որպես պատճառներից մեկը: Այո վերլուծել ենք իրավիճակը, բայց մենք չպետք է խոսենք պատճառներից, այլ նրանից, թե ինչ է կատարվում այսօր եւ նայենք դեպի ապագա:

Փաստն այն է, որ այսօրվա կառավարությունը չի անում քայլեր, որոնք բխում են Հայաստանի ու Արցախի անվտանգությունից, գնալով վնասում է ՀՀ միջազգային հեղինակությանը: Որքան էլ խոսեն, որ ներդրումներն են ավելանալու, թռիչքային զարգացում է լինելու, Ռուսաստանի հետ, ԱՄՆ-ի հետ հարաբերությունները լավանալու են, ես փաստերով եմ խոսում. 25 տարվա մեջ առաջին անգամ Ռուսաստանի ԱԳ նախարարը հայտարարեց, որ ՀՀ իշխանությունը մի բան ասում է, մեկ այլ բան՝ անում: Սա շատ կոպիտ հարված էր: Սա չի եղել ոչ Տեր-Պետրոսյանի, ոչ Քոչարյանի, ոչ Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում: ԵՄ-ի հետ հարաբերություններում տեսանք, որ անհամաձայնություն կա, եւ դրա վառ վկայությունը Սվիտալսկիի հայտարարությունն էր, նաեւ վարչապետի ու նրա շրջապատի հայտարարությունը, թե հեղափոխություն ենք արել, բա փողն ո՞ւր է: Նրանք էլ ասացին, հեղափոխությունը ձեր համար եք արել: Երրորդ՝ ԱՄՆ դեսպանի պնդումը, որ այսօր մեծ ներդրումներ ԱՄՆ-ից սպասել դեռեւս չկա: Ես ոչ միայն թռիչքային զարգացում չեմ տեսնում, ես տեսնում եմ ռեպրեսիա խոսքի ազատության, արդարադատության, բազմակարծության եւ պետական շահերի նկատմամբ»:

Շարմազանովը նկատեց, որ իրենց համար գլխավոր պատճառ հետեւյալն էր. «Մենք ընդունեցինք կրավորական կեցվածք, իսկ քաղաքական փոքրամասնություն իր համախոհներով շանտաժով Հայաստանում իշխանություն փոխեց: Ես կրկնում եմ, որ Փաշինյանը վարչապետ է դարձել պատգամավորների հանդեպ շանտաժի եւ սպառնալիքի ալիքի տակ»:

Նա ընդգծեց, որ ՀՀԿ-ն միշտ կոնսոլիդացվում է իր գաղափարների ու օրակարգի շուրջը եւ եթե Ռոբերտ Քոչարյանի օրակարգը կհամընկնի ՀՀԿ-ի օրակարգի հետ, իրենք պատրաստ են այս պայքարում համագործակցել նաեւ նրա հետ. «Սա իմ անձնական գնահատականն է.,-հավելեց Շարմազանովը: