Գազի գնի վերաբերյալ հայ-ռուսական հարաբերություններում որեւէ լարվածություն չկա, եւ կարծում եմ՝ չի լինի։ Այսպիսի տեսակետ օգոստոսի 29-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե հայ-ռուսական հարաբերությունների լարված իրավիճակը կարող է ազդել գազի գնի վրա: 

Նա հավելեց, 2018 թվականին կլրանա ռուսական բնական գազի մատակարարման համաձայնագրի ժամկետը. «Բնական է՝ բանակցություններ կսկսվեն եւ հայկական կառավարությունն ամեն ինչ անելու է, որ գազը ավելի ցածր սակագնով ստանաքն»։

Անդրադառնալով իրանական կողմի հետ բանակցություններին էլեկտրաէներգիան գազի հետ Իրանի հետ բարտերով փոխանակելու շուրջ՝ Արթուր Գրիգորյանը հայտնեց, որ Իրանի էներգետիկայի նախարարի հետ ունեցել են մի շարք քննարկումներ եւ հարց է բարձրացվել իրանական կողմից հնարավոր էժան տարբերակով գազի վաճառքի մասին:

«Մեր կողմից մեր քայլն արել ենք, որ մեզ գազի գնի մասով առաջարկություն տան, առայժմ չունենք այդ առաջարկությունը, բայց ամենօրյա ռեժիմով համագործակցության մեջ ենք, քանի որ էլեկտրաէներգիայի դիմաց գազ ենք ներկրում, եւ կարծում եմ՝ շուտով կունենանք վերջնական հայտարարված գինը, որը համեմատության մեջ կլինի ռուսական գազի գնի հետ»,-ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է գազի գինը սահմանին եւ սպառողին բոլորովին այլ գնով հասնելու խնդրին, նախարարն ասաց. «ՀՀ-ում գազը սահմանի վա ձեռք է բերում 150 դոլարով, եւ ՀՀ ներսում վաճառք է իրականացնում միջինացված շուրջ 255 դոլար, եւ դրանից 47 դոլարը ավելացրած արժեքի հարկն է: Նա նշեց, որ գազի սպառողների շուրջ հինգ օղակ ունենք  եւ սպառողը վերջին օղակն է։ Պետք է հաշվենք նաեւ ծախսերը, որ հազար խորանարդ մետր գազի համար նախատեսված ծախսը կազմում է շուրջ հիսուն տոկոս: Չեմ կարող ասել՝ հիմնավոր է, թե ոչ,  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դրա պատասխանը պետք է տա»,–եզրափակեց նա։