Հիացմունք է առաջացնում Եգիպտոսի ժողովրդի ցասումը, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի անդամ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը՝ անդրադառնալով Եգիպտոսում վերջին մի քանի օրերին տեղի ունեցող հակակառավարական ցույցերին:
«Կարելի է հիանալ այն կազմակերպվածությունից, որը ցուցաբերեց չկազմակերպված ժողովուրդը»,- հայտարարեց Արզումանյանը եւ հավելեց, որ իրեն դուր չի գալիս, որ որոշ գործիչներ ու լրատվամիջոցներ Եգիպտոսի դեպքերի մասին խոսելիս գործածում են քաոս բառը:
«Սա եգիպտոսի նախագահ Մուբարաքի խայծն է. նա միջազգային հանրությանը փորձեց ապացուցել, որ եթե իր իշխանությունը չլինի, երկրում քաոս կլինի»,-հայտարարեց Արզումանյանը: Նա ողջունելի համարեց այն հանգամանքը, որ բանակը չխոչընդոտեց տեղի ունեցող իրադարձություններին եւ չեզոքություն պահպանեց: Արզումանյանի խոսքով՝ Եգիպտոսը շատ կարեւոր դերակատարություն ունի արաբական աշխարհում, եւ այսօր այդ երկրում տեղի ունեցող քաղաքական հանգուցալուծումը կարեւոր նշանակություն եւ ազդեցությունը կունենա ողջ արաբական աշխարհի վրա: «Եթե Եգիպոսը բռնի էվոլյուցիայի, ժողովրդավարության ճանապարհը, դա կարող է որպես կատալիստ հանդիսանալ Մեծ միջին արեւելքի համար՝ Թուրքիա, Պակիստան, Աֆղանսատանը: Ոչ ոք չի կարող բացառել, որ այսպիսի գործողություններց հետո կստեղծվի նաեւ ազատ Քուրդիստան: Եւ այն դրսեւորումները, որ մենք տեսնում ենք այս կամ այն երկրում, դրանում է մեզ համոզում»,-նշեց ՀՀ նախկին ԱԳ նախարարը: Ըստ նրա՝ շատ բան կախված կլինի այն հանգամանքից, թե ինչպես տեղի կունենա իշխանության անցումը:





























