ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր՝ օգոստոսի 29-ին ընդունել է Երևանում ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի («Ռոսսոտրուդնիչեստվո») տնօրեն Սերգեյ Ռիբինսկիին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են գիտության, կրթության և մշակույթի ոլորտում հայ-ռուսական փոխգործակցության, մասնավորապես՝ ռազմակրթական համագործակցության խորացման հեռանկարները։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կարևորել է այդ ուղղությամբ հաջողությամբ ծավալվող հայ-ռուսական համագործակցության շրջանակում ռուսաստանյան ռազմաուսումնական հաստատություններ ընդունվող հայ զինվորականների ռուսաց լեզվի իմացության խորացման անհրաժեշտությունը և դրան միտված համատեղ ծրագրերի իրականացումը։
Սերգեյ Ռիբինսկին գոհունակությամբ է խոսել հայ-ռուսական համագործակցության ներկայիս մակարդակի մասին և պատրաստակամություն հայտնել շարունակել արդյունավետ փոխգործակցությունը կրթական և մշակութային ոլորտներում, առանձնահատուկ կարևորելով ռազմակրթական ծրագրերի իրականացումը։





























