Հայաստանի նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանը որեւէ հակասություն չունի Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Այս մասին հայտնեց ինքը՝ Արզումանյանը փետրվարի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Եթե ես որեւէ մեկի հետ ունենում եմ հակասություն, իմ հիսունամյա կյանքի փորձը վկա, ես դա հրապարակային եմ անում՝ անկախ հետեւանքներից»,-հայտարարեց Արզումանյանը՝ մեկնաբանելով իր եւ ՀԱԿ առաջնորդի միջեւ առկա հակասությունների մասին մամուլի հրապարակումները:  

ԱԳ նախկին նախարարը նշեց, որ ինքը ամեն տեսակ բամբասանքներ չի մեկնաբանում: Հարցին, թե ինչո՞ւ է ի տարբերություն ՀԱԿ մյուս անդամների, օրինակ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի, պասիվություն ցուցաբերում, Ալ. Արզումանյանն արձագանքեց. «Ես բանտից դուրս գալուց հետո երբեւէ չի եղել մի դեպք, որ բացակայեմ դատախազության դիմաց կազմակերպված պիկետներին, որոնց կարող է բացակայած լինել եւ Արամը, եւ շատ ուրիշներ»,-հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչը: Նա նաեւ նշեց, թե անկախ այն հանգամանքից, թե որտեղ է անցկացվելու ՀԱԿ-ի կողմից փետրվարի 18-ին  հրավիրված հանրահավաքը՝ Մատենադարանի մոտ, Ազատության հրապարակում թե Շենգավիթում, մասնակցելու է դրան:

Ա. Արզումանյանին NEWS.am-ը  հարց ուղղեց, թե ինչպե՞ս է վերաբերում ՀՀԿ-ԲՀԿ-ի միջեւ տեղի ունեցող հրաձգություններին, ինչին նա պատասխանեց. «Ես այդ հայտարարություններ անողներին գործիչ չեմ համարում, որ իջնեմ այդ մակարդակի եւ մեկնաբանեմ նրանց ասածները»: