Ոստիկաններն ուկրաինացի երաժիշտների հետ տարել են նաեւ եղբորս, որը նրանց հետ կապ չուներ։ Այս մասին  NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում պատմեց Հյուսիսային պողոտայի նկարիչներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ։

NEWS.am–ի զրուցակցի խոսքով՝ իր եղբայրն ընդամենը երաժիշտների կողքով էր անցնում, երբ նրանց ու ոստիկանների միջեւ այդ դեպքը տեղի ունեցավ։ «Մի քանի ժամ անց նրան բաց են թողել։ Խնդիրները լուծելու փոխարեն ոստիկանները ձերբակալում են անմեղ մարդկանց»,–ասաց նկարիչը։ Նրա խոսքով՝ իրավապահ մարմինների նման աշխատելաոճը չի կարող լուծել Հյուսիսային պողոտայում ձեւավորված խնդիրները։

«Օրենքը, որով արգելվում է աղմուկը 23։00–ից հետո, Հյուսիսային պողոտայում չի գործում։ Այստեղ այլ մոտեցում է անհրաժեշտ, օրինակ՝ մի երաժշտին արգելել մի տեղում կես ժամից ավելի նվագել։ Հատկապես, եթե ոչ բոլոր երաժիշտներն են, որ գալիս են Հյուսիսային պողոտա, տաղանդավոր։ Երբեմն նրանց ուղղակի անհնար է լսել, իսկ եթե նրանց միանում են նաեւ մարդիկ, որոնք իրենց հետ բերում են ձայնաուժեղացման կայաններ, ցանկություն է առաջանում փախչել»,–բողոքել է մեր զրուցակիցը։

Մեկ այլ՝ Հյուսիսային պողոտայում խաղալիքներ վաճառող զրուցակիցը, որը նույնպես չցանկացավ հրապարակել իր անունը, նշեց, որ երաժիշտները առանձնապես չեն անհանգստացնում Հյուսիսային պողոտայում մարդկանց, խնդիրն այն է, որ նրանք այնտեղ չափազանց շատ են։

«Զբոսաշրջիկներին դուր է գալիս Հյուսիսային պողոտայում հնչող ազգային երաժշտությունը եւ հատուկ դրա համար են գալիս այստեղ, որ հաղորդակցվեն հայկական երաժշտության հետ»,–նկատեց նա։

Խաղալիքներ վաճառող տղամարդը հավելեց, որ վաճառողների, որոնց նույնպես արգելվում է գործունեություն ծավալել Հյուսիսային պողոտայում, ու երաժիշտների միջեւ հարաբերությունները բավականին ջերմ են։ Նրանք միշտ օգնում են միմյանց, եթե պետք է փող մանրել։

Սրինգ նվագող տարեց երաժիշտը իր հերթին նշեց, որ ոստիկանությունը առանձնապես չի անհանգստացնում Հյուսիսային պողոտայի երաժիշտներին, միայն նկատողություն են անում այն դեպքում, երբ երաժշտությունը շատ բարձր է լինում։ Նույնը վերաբերում է նաեւ Հյուսիսային պողոտայի բնակիչներին, նրանց նյարդայնացնում է չափից դուրս բարձր երաժշտությունը, իսկ ցածր երաժշտությունը, օրինակ, սրինգի երաժշտությունը չի անհանգտացնում։

Ոստիկանությունից էլ այս առնչությամբ հայտնել են, որ օգոստոսի 29-ին՝ ժամը 21:30-ին, ոստիկանության ծառայողները Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 175 հոդվածի (հասարակական վայրերում ոգելից խմիչքներ օգտագործելը կամ ոչ սթափ վիճակում հայտնվելը) հիմքով Հյուսիսային պողոտայում վարչական ձերբակալման են ենթարկել Ուկրաինայի Հանրապետության 2 քաղաքացու ու բերել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Նրանց նկատմամբ նույն հոդվածով կազմվել է վարչական արձանագրություն, նրանք ազատ են արձակվել:

Ավելի վաղ հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում «Հալածանք Հյուսիսային պողոտայի երաժիշտների հանդեպ» վերնագրով գրառման մեջ գրել էր.

«Երկու օր առաջ ոստիկանները արգելում էին նվագել ուկրաինացի ու վրացի երաժիշտներին, որոնք սիրված արտասահմանյան երգեր էին կատարում, բավական լավ մակարդակով, բայց ոչ բարձր՝ մոտիկ պետք է կանգնեիր, որ լսեիր։ Երեւանի փոխոստիկանապետ Էդգար Պետրոսյանի ու իմ բանավեճից հետո Հյուսիսային պողոտայի երաժիշտներին հանգիստ թողեցին։

Երեկ նորից որսը վերսկսեցին՝ թե բնակիչները բողոքում են։ Ես էնտեղ էի, միջամտեցի՝ գնացին։ Բայց պարզվեց ոստիկանության մայորը, որն արդարացավ, թե միայն զգուշացնում ենք, որ բարձր չնվագեն, որի հետ էդտեղ իրար ձեռք սեղմեցինք, արդեն հրահանգել էր բռնել կանաչ իրոկեզով տղային՝ Իլյա Կուլիկին։ Շատ բռի ձեւով թեւերը ոլորել-տարել էին բաժանմունք։ Իսկ Իլյան պաշտպանում էր կիթառ նվագող հայ տղային, որի վրա հարձակվել էին նույն ոստիկանները։

ԵՍ ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈԻՄ՝ սրանց երաժիշտ որսալը նոր բռնե՞ց՝ հենց նոր իշխանության օրո՞ք։ Մեկնումեկդ տեսե՞լ եք, որ սրանք որեւէ բուղայի կամ դրա բուղա թիկնապահների թեւերը ոլորեն։ Երեւի ճիշտ էր Սաակաշվիլին, որ բոլոր հին ոստիկաններին մի օրում գործից հանեց։

Ես նորից ասեմ։ Հյուսիսային պողոտան ճեմուղի է, հանրային տարածք, աղմուկի չափը կգերազանցեն, միջոցներ ձեռնարկեք, ուրիշ չափանիշներ էլ կարող են մշակվել։ Բայց դուք պետք է երաժիշտներին մոտենաք էդ թուղթը ձեռքներիդ՝ այլապես իրենք ազատ են անելու այն, ինչն օրենքով չի արգելվում։ ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդված։

Երեկ կեսգիշերին ուկրաինացի երաժիշտներ Իլյա Կուլիկին եւ Ալեքսանդր Իլյուշինին ԲԱՑ ԹՈՂԵՑԻՆ Կենտրոնի ոստիկանատնից։ Շնորհակալություն ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին աջակցության համար։

Շնորհակալություն Հյուսիսային պողոտայի տասնյակ անցորդների, ձեզ բոլորիդ՝ հրապարակային ու ԱՆ-ով (PM) արված օգնություն առաջարկների համար։

Երաժիշտների համար ծանր էր, բայց ընկճված չեն ու էսօր էլ են նվագելու։ Եկեք լսելու»:

Վահրամ Մարտիրոսյանը նաեւ տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից: