Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է թեթեւ արդյունաբերության՝ մասնավորապես, հագուստի, կոշիկի, կաշվի արտադրության ոլորտում գործունեություն ծավալող ձեռնարկությունների ներկայացուցիչներին` ոլորտի զարգացման խնդիրները եւ հեռանկարները քննարկելու նպատակով:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Փաշինյանը, ողջունելով քննարկման մասնակիցներին, մասնավորապես, նշել է. «Մեր տնտեսական առաջընթացի կառուցվածքի պատկերացումների մեջ թեթեւ արդյունաբերությունը շատ կարեւոր նշանակություն ունի՝ մասնավորապես, տեքստիլ արդյունաբերությունը, հագուստի արտադրությունը, կոշիկի եւ կաշվե ապրանքների արտադրությունը: Այս հանդիպումով եւ սրանից բխող հետագա մշտական երկխոսությամբ ուզում ենք իմանալ, թե ինչպես եք դուք պատկերացնում կառավարության եւ ոլորտի համագործակցությունը. ի՞նչ պետք է անենք, որ մեր հարաբերությունները լինեն համագործակցող հարաբերություններ, որովհետեւ կարծում եմ, որ մենք պետք է ի վիճակի լինենք ընդհանուր նպատակներ ձեւակերպել եւ նպաստել այդ նպատակների իրագործմանը: Ո՞րն է տրամաբանությունը, որ մենք ուզում ենք ՀՀ-ում առաջ մղել:
Մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում առանձնակի գնահատականի արժանանա աշխատանքը, եւ տեղի ունենա ընդհանրապես աշխատանքի փառաբանում: Կարծում եմ՝ շատ երկար ժամանակ, կամա թե ակամա, Հայաստանի Հանրապետությունում իսկապես շատ լրջորեն քաջալերվել է աղքատությունը, եւ սահմանափակվել է աշխատելու հնարավորությունը: Հիմա պետք է մի փոքր այլ տրամաբանություն դրվի մեր գործողությունների հիմքում, եւ մենք քաջալերենք աշխատանքը՝ որպես աղքատության հաղթահարման հիմնական միջոց եւ ճանապարհ: Բնականաբար, այս առումով շատ կարեւորում ենք նոր աշխատատեղերի բացումը, եղած աշխատատեղերի պահպանումը: Շատ կարեւորում ենք մի միջավայրի ստեղծումը, որտեղ գործարար հմտություններ ունեցող մարդիկ հնարավորություն ունենան իրենց պոտենցիալը լիարժեք կիրառել՝ առանց որեւէ արհեստական սահմանափակման, իրենց գործունեության համար պատասխանատու լինեն միայն իրենց կազմակերպչական եւ գործարար ընդունակությունների եւ աշխատեն հավասար պայմաններում, օրինական դաշտում:
Ավելի պրակտիկ առումով՝ մենք հիմա արդեն մտնում ենք Հարկային օրենսգրքի փոփոխությունների շատ գործնական եւ պրակտիկ փուլ. կուզենայինք լսել ձեր ակնկալիքներն այդ փոփոխություններից եւ նաեւ որոշ գաղափարներ, երբ կկիսվենք, կիմանանք ձեր տեսակետներն այդ գաղափարների վերաբերյալ: Շատ կարեւորում եմ, որ ունենանք կառավարության եւ ոլորտի հաղորդակցության մշտական ուղիներ, որպեսզի ձեզնից յուրաքանչյուրը պրոբլեմների քննարկման իմաստով լսելի լինի, իրեն համարի լսելի, որ ուրիշների հետ հավասար պայմաններում է եւ հավասար դաշտում է աշխատում:
Մեր կառավարության դիրքորոշումը եւ մոտեցումը հետեւյալն է. շատ արագ այն բանից հետո, երբ ես ընտրվել եմ վարչապետ, ինձ համար կարեւոր է եղել, որ մենք բիզնեսին ուղղենք հետեւյալ ուղերձը. որեւէ բիզնես, որեւէ գործարար, որեւէ ընկերություն ազատ է որեւէ կոռուպցիոն պարտավորությունից: Այսինքն՝ որեւէ ընկերություն չի կարող կոռուպցիոն պարտավորություն կամ ոչ թե պարտավորություն, այլ հարկադրանք որեւէ ձեւի հարաբերություն ունենալ պետական որեւէ մարմնի հետ, եւ ես ինքս ինձ համարում եմ այս պայմանի լիարժեք իրագործողը: Հետեւաբար, ո՞րն է մեր շահագրգռությունը ոլորտի հետ մեր հարաբերություններում, որ ձեր գործերը հնարավորինս լավ գնան, որպեսզի դուք հնարավորինս մեծ թվով աշխատատեղեր ստեղծեք եւ դրա ադյունքում հնարավորինս շատ հարկեր վճարեք պետբյուջե, բայց այնպիսի միջավայր ունենանք, որը հնարավորություն կստեղծի հետագա աճի, զարգացման համար: Եվ եթե պայմանականորեն կարող ենք ասել մեր ուղերձը տնտեսական միջավայրին, գործարար աշխարհին հետեւյալն է ՝ «Հարստացե′ք եւ հարստացրե′ք օրինական՝ պետությանը, մարդկանց, բոլորին՝ հավասար դաշտում աշխատելով»:
Թեթեւ արդյունաբերության ոլորտի ձեռնարկությունների ներկայացուցիչները վարչապետի հետ քննարկման ընթացքում բարձրացրել են, մասնավորապես, ոլորտում հարկային արտոնությունների տրամադրմանը, ներմուծվող հումքի մաքսազերծման պայմաններին, մասնագետների ուսուցմանը, տեղական արտադրության եւ արտահանման խթանմանը, արտադրության ծավալների ավելացմանը եւ նոր աշխատատեղերի ստեղծմանը վերաբերող հարցեր:
Անդրադառնալով հարկային արտոնությունների հարցին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Մենք շահագրգռված ենք, որ ոլորտը զարգանա եւ առաջընթաց ունենա, հարկեր վճարի, նոր աշխատատեղեր ստեղծի, աշխատավարձերը բարձրացվեն, եւ մենք կանենք հնարավոր ամեն ինչ դրա համար: Բայց պետք է նաեւ արձանագրենք, որ ընդհանուր բոլորով ունենք խնդիր՝ պետական բյուջեի եկամտային մասի ապահովումը: Որեւէ առաջարկ մերժելի չենք համարում, բայց ամեն ինչ պետք է նայել բալանսի մեջ: Մենք պետք է ճիշտ բալանսը գտնենք, որպեսզի լինի հարկային այնպիսի բեռ, որ ձեռնարկությունների բնականոն զարգացմանն առնվազն չխոչընդոտի եւ երկրորդը, մենք հնարավորություն ունենանք ենթակառուցվածքները պահել աշխատանքային վիճակում, որպեսզի ճանապարհներն, օրինակ, կարողանանք նորոգել»: Վարչապետն ընդգծել է, որ որեւէ առաջարկ չի անտեսվելու, առանց քննարկման չի մերժվելու կամ ընդունվելու:
Մասնագետների պատրաստման եւ առկա պահանջարկի բավարարման համատեքստում կառավարության ղեկավարը կարեւորել է միջին մասնագիտական հաստատությունների՝ ուսումնարանների հզորացումը: Վարչապետը նշել է, որ կան ուսումնարաններ, որոնք չեն գործում՝ կադրային, ֆինանսավորման, տեխնիկական հագեցվածության խնդիրների պատճառով, եւ որ ինքն արդեն հանձնարարել է կրթության եւ գիտության նախարարին՝ սեղմ ժամկետում ներկայացնել դրանց զարգացման վերաբերյալ ծրագիր եւ ֆինանսական միջոցներն ուղղել հենց այդ նպատակին:
Վարչապետ Փաշինյանն առանձնահատուկ կարեւորել է տեղական արտադրության խթանումը եւ տեղական արտադրանքի սպառման ծավալների ավելացումը՝ նշելով, որ ինքը նույնպես օգտվում է տեղական որակյալ արտադրատեսակներից: «Տեղական արտադրողին աջակցելը մեր կառավարության առաջնահերթություններից է, եւ ես խմնդիր եմ դրել՝ ավելացնելու տեղական արտադրության ծավալները: Պետք է սպառողական մշակույթ ձեւավորել եւ գովազդել տեղական արտադրանքը: Միեւնույն ժամանակ, հաշվի առնելով ներքին շուկայի փոքրությունը, պետք է զարգացնել արտահանման խթանմանը միտված գործունեությունը եւ քաղաքականությունը», - նշել է կառավարության ղեկավարը:
Քննարկմանն անդրադարձ է եղել նաեւ թեթեւ արդյունաբերության ոլորտի ասոցիացիայի ստեղծմանը: Ոլորտի ներկայացուցիչները վարչապետին տեղեկացրել են, որ գործընթացն արդեն մեկնարկել է, եւ հնարավորինս շուտ այս բնագավառը ներկայացնող ասոցիացիան կձեւավորվի: Վարչապետը ողջունել է գաղափարը՝ նշելով, որ ասոցիացիայի ստեղծմամբ համագործակցության արդյունավետ հարթակ կձեւավորվի, որը կհեշտացնի կառավարության շփումը ոլորտի ձեռնարկությունների հետ:
Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ վարչապետ Փաշինյանն ասել է. «Մենք ուզում ենք ամեն ինչ անել, որ Հայաստանում արտադրությունը խթանենք, եւ տեքստիլը, թեթեւ արդյունաբերությունը, կոշիկի արտադրությունը մեզ համար առաջնահերթություն են: Ես շատ կուզենայի, որ ընդհանրապես կառավարություն-արտադրող հարաբերություններում որակական փոփոխություն լիներ այն առումով, որ այնպես չէ, որ կառավարությունն ուզում է այսպես ասած, հարկերը քերի, իսկ արտադրությունն ուզում է հարկերը թաքցնի: Իսկապես պետք է լինի գործընկերություն, եւ պետք է լինի այնպիսի մթնոլորտ, որ նաեւ հարկ վճարողները համոզված լինեն, որ իրենց վճարած ամեն լուման, ամեն դրամը ոչ թե մսխվում է, թալանվում է, փոշիացվում է, այլ ռեալ արդյունավետ ծախսվում է մեր երկրի ենթակառուցվածքների եւ բնականոն գործունեությունն ապահովելու համար, որն անհրաժեշտ է նաեւ ձեր գործունեությանը: Այսինքն՝ մեր ուզածն այն է, որ ամեն հարկ վճարող ամեն դրամ հարկ վճարելիս այն ըմբռնումն ունենա, որ ինքն իր գործունեության մեջ ներդրում է անում, որովհետեւ առանց ճանապարհների, հաղորդակցության ուղիների, օրինականության, անվտանգության որեւէ գործունեություն հնարավոր չէ, եւ մեր խնդիրն է՝ ընդհանուր առմամբ հնարավորինս շուտ այս մտածողությունը փոխել: Ուզում եմ ձեզ եւ մեզ հաջողություն մաղթել մեր երկրի տնտեսությունը, մեր երկիրը բարեկեցիկ եւ աղքատությունից զերծ եւ զարգացած ու մրցունակ տնտեսություն ունեցող երկիր դարձնելու ճանապարհին»:
.jpg)











