Երբ իշխանությունը շատ է շեշտում, որ հայ-ռուսական հարաբերություններում ամեն ինչ լավ է, նշանակում է դրանցում խնդիրներ կան, հակառակ դեպքում չպիտի նույնիսկ կարիք առաջանար դրա մասին այդքան հաճախակի խոսելու։ Այս մասին Sputnik Արմենիա ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով երկու երկրների միջպետական հարաբերությունների ներկա վիճակին:

«Եթե ամեն ինչ նորմալ է, ինչո՞ւ եք անընդհատ փորձում արդարանալ։ Եղան հայտարարություններ ռուսական կողմից, եղան հայտարարություններ Հայաստանից, եւ ես կարծում եմ, բավարար չափով չի գնահատվում այն իրավիճակը, որում այսօր հայտնվել է Հայաստանը»,– նշել է Ռոբերտ Քոչարյանը։

Առկա իրավիճակում, երբ տարածաշրջանում Հայաստանին բարեկամ երկրների նկատմամբ Արեւմուտքը նոր պատժամիջոցներ է կիրառում, իսկ հակառակորդ երկրներն ավելի անկանխատեսելի են դառնում, Քոչարյանի համոզմամբ, Հայաստանը պետք է հավատարիմ մնա իր դաշնակիցներին. «Կարող է մեծ գայթակղություն լինել այս վիճակում, այսպես ասենք`«խաղեր տալ», փորձել «թռնել» նախկինում  ձեւավորված հարաբերություններից, փորձել ինչ-որ տեղ նոր հարաբերություններ ձեւավորել այլ ռազմական միավորումների, այլ պետությունների հետ։ Ես կարծում եմ, ճիշտ հակառակը` նման դեպքերում պետք է շատ ավելի ուշադիր լինես քո գործընկերների, տվյալ դեպքում` Ռուսաստանի, Իրանի նկատմամբ, եւ փորձես ցույց տալ, որ դու այս իրավիճակից չես օգտվում»,– ընդգծել է նա։

ՀՀ երկրորդ նախագահը նաեւ ճիշտ չի համարում, որ Հայաստանը նման բարձր մակարդակով մասնակցել է ՆԱՏՕ–ի գագաթաժողովին։ Նրա խոսքով, միանշանակ ՆԱՏՕ–ի հետ համագործակցել անհրաժեշտ է, բայց ոչ այդ մակարդակով, հատկապես այն ժամանակ, երբ ՆԱՏՕ–ի եւ Ռուսաստանի հարաբերությունները զրոյական մակարդակում են։

«Միայն ՆԱՏՕ–ի միջանցքներում սելֆիների համար մասնակցել եւ դրանով հարցեր առաջացնել մեր գործընկերների մոտ, չեմ կարծում, որ սա հեռատեսական է: Լավ եմ գնահատում այն հանգամանքը, որ սկսեցին վերջապես դրա մասին հասկանալ եւ փորձեցին շտկել այն սխալները, որոնք արդեն արվել են»»,– ասել է նա՝ հիշեցնելով, որ Հայաստանի նոր իշխանությունները երկար տարիներ հանդես են եկել Ռուսաստանի դեմ, հանդես են եկել տարածաշրջանում Ռուսաստանի շահերին հակասող ծրագրերով, եւ դժվար է պատկերացնել, որ դրանք մեկ օրում կարելի է փոխել։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, Ռոբերտ Քոչարյանի համոզմամբ, տարածաշրջանում այն անվտանգության տեսանկյունից ամենամեծ հնարավորություններ ունեցող երկիրն է, որի հետ հարաբերությունների ներկա մակարդակի փոփոխությունը Հայաստանի համար կարող է վտանգավոր լինել։

«Վստահության կորուստը միջպետական հարաբերություններում շատ թանկ կնստի երկրի վրա, եւ շատ երկար ժամանակ կպահանջվի այդ վստահությունը վերականգնելու համար։ Սա ես ասում եմ որպես մարդ, ով այս ամեն ինչով անցել է»,– ասել է Քոչարյանը։