Փաստը, որ դատարանը մերժել է գլխավոր դատախազի միջնորդությունը՝ փոխել Արարատի զորամասի գումարտակի հրամանատար Վարդան Մարտիրոսյանի խափանման միջոցը, եւ ազատ է արձակել նրան, առնվազն տարօրինակ եւ աննախադեպ: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը:
«Դատարանի որոշումը պարզապես ապշեցնում է: Դատարանը նման որոշում է կայացրել անգամ գլխավոր դատախազի միջնորդությունից հետո: Եթե լրատվամիջոցները ճիշտ են ներկայացնում գործի էությունը, թե Վարդան Մարտիրոսյանն ազատ է արձակվել միայն այն պատճառով, որ մեղանչել է, դա ուղղակի անթույլատրելի է: Եթե մարդը հանցագործութուն է կատարել, նա պետք է պատասխանատվություն կրի՝ անկախ նրանից խոստովանե՞լ է, թե՝ ոչ: Այդ դեպքում բոլոր հանցագործները կարող են մեղանչել եւ խուսափել պատասխանատվությունից»,- հայտարարել է Կարապետյանը՝ խոստանալով ուշադիր հետեւել գործին:
Նշենք, որ «Ռոժ» մականունով Վարդան Մարտիրոսյանը մեղադրվում էր շորթման մեջ: Նա եւ իր գործընկեր Արթուր Կարապետանը ազատվել էին աշխատանքից՝ զինծառայողներին վարկեր վերցնելուն հարկադրելու համար: Ըստ լրատվամիջոցների, մի քանի օր անց նրանք հայտնվել էին ազատության մեջ, եւ անգամ նոր պաշտոն էին ստացել գլխավոր շտաբում:




























