Նախքան բացօթյա առեւտուրը վերացնելու մասին որոշում ընդունելը Երեւանի քաղաքապետարանը պետք է, առաջին հերթին, մտածեր այն մարդկանց մասին, ովքեր մի օրվա հացի փող են վաստակում՝ զբաղվելով բացօթյա առեւտրով: Այդ մասին փետրվարի 4-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը՝ մեկնաբանելով Երեւանի քաղաքապետարանի կողմից նման առեւտուրն արգելելու որոշումը:
Ալավերդյանի կարծիքով, բացարձակապես անհամոզիչ են հնչում քաղաքապետարանի հավաստիացումները, թե բացօթյա առեւտրով զբաղվող մարդկանց տեղեր են հատկացվելու շուկաներում: Միաժամանակ պատգամավորը նկատել է, որ քաղաքակիրթ առեւտրի կողմնակիցն է:
«Արդյունքում սոցիալական լարվածություն է ստեղծվում: Երեւանի քաղաքապետարանն առանց մտածելու է գնացել այդ քայլին եւ սկսել է անել դա ոչ այն ծայրից: Քաղաքապետարանը պետք բացօթյա առեւտուր անողներին ժամանակ տրամադրեր, նրանց հետ բանակցություններ վարեր շուկաներում առեւտուր անելու շուրջ»,- կարծում է պատգամավորը:




























