Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը կրկին անդրադարձել է Հայ-վրացական «բրենդային պատերազին»:

Այսօր՝ փետրվարի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ 2008 թ. Հայաստանն իր նախնական համաձայնությունն է տվել «Աշխարհագրական նշումների մասին» հայ-վրացական պայմանագրի կնքմանը:

Այդ փաստաթղթով վրացիները մոտ 100 անուն աշխարհագրական նշում են պարտադրում Հայաստանին: Այդ անվանումներից են Շիրակը, Ալավերդին, Կախեթը: «Եթե ընդունեցինք` այդ նշումներով հայկական ապրանքները անգամ տրանզիտի իրավունք չեն ունենա Վրաստանի տարածքով»,- ասաց Ա. Հարությունյանը: Նա համոզված է, որ այդ փաստաթուղթը լուրջ վտանգ է ներկայացնում, քանի որ ընդունվել է որպես բանակցությունների հիմք: