Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի որոշումը` Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի վերակենդանացման մասին հայկական դիվանագիտության ձախողումն է: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է  պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը:

Նրա խոսքով, այդ ենթահանձնաժողովի գործունեությունը կարող է միայն խոչընդոտել ԵԱՀԿ Մինսկի խմբին, քանի որ ԵԽԽՎ նախագահ, թուրք Մեվլութ Չավուշօղլուն ոգեշնչելու է ենթահանձնաժողովին ադրբեջանամետ փաստաթղթեր ընդունել: «Իսկ պատճառն այն է, որ հայկական կողմը ժամանակին չի կանխել Չավուշօղլուի հակահայկական գործունեությունը: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը չարձագանքեց նրա հակահայկական հայտարարություններին, այն փաստին, որ Չավուշօղլուն Հայաստան կատարած այցի ընթացքում չայցելեց Հայոց ցեղասպանության հուշարձան»,- հայտարարել է Կարապետյանը:

Ստեղծված իրավիճակում պատգամավորը նպատակահարմար է համարել ԵԽԽՎ ենթահանձնաժողովի աշխատանքների բոյկոտումը: