Իրանը հայտարարել է, որ Ֆրանսիան սխալ է ընկալում իրավիճակը: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Բահրամ Ղասեմին՝ մեկնաբանելով իրանական հրթիռային ծրագրի վերաբերյալ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանի հայտարարությունը, փոխանցում է Tasnim-ը:

Ղասեմին նշել է, որ Իրանը միշտ պատրաստ է բոլոր շահագրգիռ կողմերի հետ կառուցողական երկխոսությանը: Սակայն Թեհրանը մտադիր է հստակ արձագանքել արեւմտյան քաղաքական գործիչների չհիմնավորված հայտարարություններին: Ֆրանսիայի իշխանությունները հիմքեր չունեն ենթադրելու, որ Իրանի գործողությունները, որոնք ուղղված են ահաբեկչության դեմ պայքարին, կարող են սպառնալ տարածաշրջանային եւ գլոբալ խաղաղությանը:

Ֆրանիսայի ԱԳ նախարար Լե Դրիանն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանը «չի կարող խուսափել» բանակցություններից, որոնք վերաբերում են Մերձավոր Արեւելքում իրանական բալիստիկ հրթիռների տեղակայմանը՝ իրանական միջուկային ծրագիրը փրկելու Եվրոպայի փորձերի ֆոնին: